Նա հավելեց, որ ՀՀԿ-ն արդեն մեծամասնություն չէ, սակայն նկատեց, որ շարունակում են մնալ խորհրդարանում ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունը: «Այսինքն՝ ձայների քանակով առաջին խմբակցությունն ենք, սակայն եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկությամբ են հանդես գալիս, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,- ասաց նա:
Աշոտյանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակը պետք է դիտարկել քաղաքական բնական պրոցեսների տրանսֆորմացիայի հունի մեջ: «Ակնհայտ է, սակայն, որ ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով: Սա իմ անձնական կարծիքն է: Ակնհայտ է, որ այս գործընթացները գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն է, և խորհրդարանն ավելի շատ է համահունչ դառնում հասարակական-քաղաքական տրամադրություններին այն առումով, որ գումարային որոշիչ ձայներն այլևս ՀՀԿ-ին չեն պատկանում: Սա, իհարկե, ենթադրում է, որ ոչ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները՝ անկախները և այլ խմբակցությունների ներկայացուցիչները, այդ դեպքում պետք է միասնական քվեարկեն և ներկա լինեն քվեարկություններին:
Քանի որ շատ փոքր է տարբերությունը ձայների, և, անգամ եթե 1-2 պատգամավոր էլ լքի ՀՀԿ-ն, քվեարկության ժամանակ մոբիլիզացիայի խնդիր կա երկու կողմերից էլ»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը: Պատգամավորի խոսքով՝ ռազմավարական տեսակետից ՀՀԿ-ն խորհրդարանում և ամբողջ քաղաքական դաշտում միակ ընդդիմությունն է: Արմեն Աշոտյանն ասաց, որ իրեն ծանոթ չէ որևէ արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը իրեն դիտարկում է որպես ընդդիմություն: «Սա նշանակում է, որ քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ ՀՀԿ-ի դիրքերը բյուրեղանում են, և սա կարևորում է նաև գործադիրի համար, որովհետև եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության մասին, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն իր քաղաքական արժեքը վերաիմաստավորում է՝ այս դեպքում որպես քաղաքական բազմակարծություն ապահովող շատ կարևոր քաղաքական մարմին»,- ասաց նա:
Աշոտյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն լքող նոր պատգամավոր կլինեն: «Կարծում եմ, որ գործընթացը կարող է շարունակվել ոչ այն ծավալով, որ եղել է մինչ այսօր, սակայն չեմ բացառում, որ եզակի դեպքեր լինեն: Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն պահպանելու է իր թիվ մեկ քաղաքական խմբակցության դերը՝ լինելով ամենամեծ խմբակցությունն այս խորհրդարանում»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը: