Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից իրականացված բացահայտումներից հետո Կոտայքի ԵԿՄ 8 տարածքային կառույցներ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Մանվել Գրիգորյանի անօրինական գործունեությունները՝ հատկապես Քառօրյա պատերազմի զինվորների սննդի յուրացման հետ կապված: «Մեր կարգախոսն է՝ «ինչպես միշտ մենք կանգնած ենք մեր երկրի ժողովրդի կողքին և հպարտությամբ կատարել ենք և կատարելու ենք Գերագույն հրամանատարի հրամանները»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարությունը տարածվել է Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Նոր Հաճնի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Գառնիի, Քացախի բաժանմունքների կողմից:
Աբովյանի կառույցի ղեկավար Սուրեն Աղոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ցնցված են կատարվածից։ Իրենք պատկերացում անգամ չունեին, որ իրենց հրամանատարը կարող էր այդպես վարվել առաջին գծում կանգնած զինվորի հետ։ «Արարքը դատապարտելի է։ Խոսքեր չկան»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կատարվածից հետո ԵԿՄ նախագահի փոփոխությունն անհրաժեշտություն է ստեղծված իրավիճակում։ «Մեզ պետք է խելացի հրամանատար, խելացի կազմակերպիչ, ոչ թալանչի։ ԵԿՄ-ականները հիասթափված են, քանի որ բոլորն էլ մասնակցել են ապրիլյան մարտերին, տեսել են այդ օրերի վիճակը ու հիմա ոնց կարող են չզարմանալ, որ իրենց նախագահը ինչեր է արել, ոնց է զինվորի կերը տարել տվել իր արջերին։ Դա ինչ է նշանակում»,- ասաց Աղոյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը, որպես վարչության նախագահ, ինչ հրաման տվել, իրենք կատարել են, բայց պատկերացում անգամ չէին կարող ունենալ, որ իրենց գեներալը նման քայլերի է դիմում։ «Ոչինչ չեմ կարող ասել։ Զենքերից էլ եմ ապշել, բայց դա քիչ է հետաքրքրում ինձ։ Ինձ համար ամենացավալին երեխաների նամակներն են։ Ապրիլյանի օրերին դրանք պետք է հասնեին տղաներին։ Մեզ համար դա է ցավալին, դա աբսուրդ է, որից հետո ոչ մի բառ չկա ասելու։ Սա ազգովի ցավ է, անտանելի ցավ բոլորիս համար»,- ասաց ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարը։
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ ԵԿՄ վարչության նոր նախագահի ամենահավանական թեկնածուն «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։
Աղոյանը մեզ հետ զրուցյում ասաց, որ իրեն էլ են նման տեղեկություններ հասել, բայց որևէ որոշակի բան ասել չի կարող։ «Այս ամեն ինչը տեսնելուց հետո մեզ միայ ազնիվ մարդ է պետք։ Մենք պետք է իմանանք՝ ով է այդ նոր նախագահը։ Մեզ վարչության նախագահ է պետք, որը անցած ուղի ունենա պատերազմի մեջ, աչալուրջ լինի ու համապատասխանի մեր անցած ճանապարհին»,- ասաց Աղոյանը։
Մեր դիտարկմանը, թե իր թվարկած չափանիշներին Սասուն Միքայելյանը թերևս համապատասխանում է, մեր զրուցակինը պատասխանեց. «Ես էլ եմ լսել։ Չեմ կարող ասել, որ դա միայն իր ցանկությունն է, բայց ԵԿՄ-ն փոքր կառույց չէ։ Յուրաքանչյուր կառույց պետք է քննարկի նոր նախագահի թեկնածուին ու իր եզրակացությունը տա։ Ես լավատես եմ Սասուն Միքայելյանի նկատմամբ, բայց ես մենակով ով եմ, որ կարծիք հայտնեմ։ Անձամբ ես համամիտ կլինեի, որ նա լինի»,- ասաց Սուրեն Աղոյանը։
Նշենք, որ ԵԿՄ վարչության արտահերթ համագումար անցկացնելու համար անհրաժեշտ է ԵԿՄ տարածքային կառույցների 1/3-ի համաձայնությունը։
Հավելենք, որ գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը 1999-ի դեկտեմբերից զբաղեցնում է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը։ ԵԿՄ-ին կից գործում են պատանի երկրապահ և Երիտասարդ երկրապահ կառույցները։ ԵԿՄ-ն ունի ավելի քան 60 000 անդամ։
2017 թվականի փետրվարի 19-ից վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԱԾ-ն հրապարակեց Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության տեսանյութը, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։ Վաղը թերևս նա կզրկվի իր պատգամավորական անձեռնմխելիությունից և կկալանավորվի։