Հունիսի 26-ին «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա կարծիքով` վարչական արդարադատության ոլորտում Հայաստանը դեռ միայն առաջին քայլերն է արել:
«Մենք ունենք նստավայրեր, օրինակ` Վեդիի նստավայրը, որտեղ միջին ծանրաբեռնվածությունը 390 գործ է տարվա վերջում, իսկ Երևանում՝ 790: Ծանրաբեռնվածության այսպիսի տարբերությունները առաջին հերթին վկայում են այն մասին , որ ունենք ոչ օպտիմալ ձևավորված դատական տարածքներ», -ասաց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` հաճախ խնդիրներ են առաջանում ոչ միայն ծանրաբեռվածության առումով, այլ նաև դատավորների նշանակման, տեղաշարժերի և այլն:
«Մինչև հիմա օրենսդրական որևէ նորմ չկա կամ հստակեցված չէ, թե ինչպես կարող են նշանակված դատավորները, մասնավորապես` վարչական դատարանում մեկ նստավայրից տեղափոխվել մեկ այլ նստավայր: Նշանակում են, բայց նշանակումից հետո այդ մարդկանց համար, ըստ էության, իրավաչափ և կանխատեսելի չէ իրենց հետագա ճակատագիրը, արդյոք այնտե՞ղ պետք է մնան մինչև վերջ, պետք է տեղափոխե՞ն և այլն»,- ասաց Հարությունյանը:
Ըստ ԲԴԽ նախագահի` Հայաստանում վարչական արդարադատությունը պետք է նոր որակ ստանա:
«Նոր որակը պայմնավորված է և՛ դատական իշխանության, և՛ դատարանների դատավորների անկախությունով: Համակարգի և դատական իշխանության նկատմամբ հանրային պատշաճ վստահություն պետք է ձևավորվի: Դա չի լինում քարոզի միջոցով, դա լինում է աշխատանքի միջոցով և համակարգային բարեփոխումների արդյունքում»,- եզրափակեց Հարությունյանը: