«Նազիկ Ամիրյանը լավ է, շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Մեր դիտարկմանը՝ իրենց կհաջողվի ապացուցել Նազիկ Ամիրյանի անմեղությունը, եթե ոչ մի բանում իրեն մեղավոր չի ընդունում, փաստաբանը նկատեց, որ մեղքի ապացուցման պարտականությունը կրում է նախաքննական մարմինը և այս փուլում իրենք անելիք չունեն։ «Միայն մնում է հուսալ, որ օբյեկտիվ քննություն կգնա։ Մնացած ոչինչ չեմ կարող ասել, նախաքննական գաղտնիք է, չեմ կարող այլ դիրքորոշում հայտնել, բայց նախաքննության ավարտին բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: «Բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը, Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով: Ն. Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հաղորդում է ՀՔԾ-ն:
Նազիկ Ամիրյանի ամուսինը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ձերբակալվեց հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։