Առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն և ջրային այլ տեսակ սպորտաձևերն այսուհետ հասանելի են նաև ՀՀ-ի սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիներին:
Սևանա լճի ափին բացվեց Կովկասում առաջին ներառական առագաստանավային կենտրոնը, որը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, Armenian Camp-ի տարածքում: Նախագիծն իրականություն է դարձել Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի շնորհիվ՝ «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ:
Կենտրոնն ապահովված է դեպի ջուրը տանող հատուկ ուղիներով՝ թեքահարթակներով, հարմարեցված նավամատույցով, սայլակով տեղաշարժվող անձանց լողալու համար հարմարեցված լողասայլակներով, ինչպես նաև հատուկ շեզլոնգներով ու հանդերձարանով։
«Բարի գալուստ հայկական ճամբար»,- հայտարարեց Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ կենտրոնի հատուկ սարքերի ու ենթակառուցվածքների շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան ինքնուրույն հասնել ջրին, զգեստափոխվել, լողալ և արևայրուք ընդունել: Իսկ ավելի ուշ արդեն որպես նավապետ իր զբոսանավով ի կատար ածեց հաշմանդամություն ունեցողներից շատերի երազանքը՝ նրանց հասցնելով լճի կենտրոն:
«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ, երբեք չպետք է հանձնվել»,- կենտրոնի բացմանը հայտարարեց «Ռոսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման տնօրենի տեղակալ, ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը: Նա կարևորեց նախաձեռնությունը և ընդգծեց, որ նկատելի է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, և դրանով պայմանավորված՝ հասարակությունն ավելի հասուն է դառնում:
«Ուրախ եմ, որ մենք Կովկասում առաջին ներառական առագաստանավային կենտրոնն ենք բացում, որտեղ կան բոլոր պայմանները առագաստային սպորտով, թիավարումով, ֆրիդայվինգով և ներառական զբոսանավային շրջագայությամբ զբաղվելու համար: Ես անձամբ եղել եմ ծովափում և համոզվել, որ կան բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան սահմանափակ ունակություններով մարդկանց օգտվել դրանցից», - ասաց նա:
Վլադիմիր Բրեդովը գոհունակություն հայտնեց, որ կարողացել են գործընկերների հետ համագործակցությամբ բացել կենտրոնը՝ նշելով, որ «Ռոսատոմի» գլխավոր արժեքը մարդն է: «Մենք զարգացնում ենք նորագույն տեխնոլոգիաները, բայց դրանք ոչինչ են առանց մարդկանց մասնակցության, դրա համար էլ «Ռոսատոմը» միշտ աջակցում է մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված նախագծերին»,- ասաց նա:
«Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առևտրային կազմակերպության (Ռուսաստան) նախագահ, հաշմանդամների մասնակցությամբ «Ոգու առագաստներ» զբոսանավային շուրջերկրյա ճանապարհորդության ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը նշեց, որ քիչ երկրներում է հնարավոր լինում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ նման հաջողված համագործակցություն ունենալ:
«Մեր հասարակության 10-15 տոկոսը հաշմանդամություն ունի, և ոչ մի երկրում մենք այդ քանակի մարդկանց փողոցներում, ռեստորաններում, սպորտային կենտրոններում չենք տեսնում, որովհետև մինչև հիմա ընդունված էր ափսոսել հաշմանդամություն ունենալու համար, դա ընկալել որպես ողբերգություն, բայց նման միջոցառումները, սոցիալական նորարարությունները թույլ են տալիս հաշմանդամություն ունեցող մարդուն այլ տեսանկյունից նայել՝ մարդ, որն ունի յուրահատուկ ունակություններ՝ ի հաշիվ հաշմանդամության: Հաշմանդամություն ունեցող մարդկանց տոլերանտության սկզբունքով են վերաբերվում, բայց ի՞նչ է տոլերանտությունը: Այն թույնի հանդեպ դիմակայելու ունակություն է, այսինքն՝ ես թույն եմ, ինձ պետք է հանդուրժե՞լ: Ոչ, մենք ուզում ենք, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետաքրքրությամբ վերաբերվենք ու հասկանանք, թե նրանց կարողություններն ինչպես կարող ենք օգտագործել ապագան կառուցելու հարցում»,- նշեց նա:
Օլեգ Կոլպաշչիկովը, ով, ի դեպ, կույր էր, ընդգծեց, որ «Ոգու առագաստներ» նախագծի փորձը վկայում է, որ երկու ժամ ներառական ռեգատում կամ մի քանի օր ներառական արշավում անցկացրած հաշմանդամություն ունեցող անձի կյանքի որակը անդառնալիորեն բարեփոխվում է։
«Նա սովորում, աշխատում, ընտանիք է կազմում, հրաժարվում է կյանքի, շրջապատի նկատմամբ սպառողական վերաբերմունքից։ Ներառական առագաստանավագնացության շնորհիվ, հաշմանդամություն ունեցող անձը սկսում է զգալ իր հատուկ տաղանդի դրական ազդեցությունը հանրության վրա»,- ասաց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արեգ Մանուկյանը նշեց, որ այս նախաձեռնությունը Կառավարության հերթական մոտեցումն է, որդեգրած ներառական քաղաքականության դրսևորումը: «Մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր ծառայություն մատչելի լինի հաշմանդամություն ունեցողների համար»,- ասաց նա:






.tert.am