Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքան էլ իշխանությունները փորձեն կենտրոնացնել քաղաքացիների ուշադրությունը ներքաղաքական գործընթացների վրա և ջանքեր գործադրեն քայքայելու քաղաքական դաշտը, անփույթ վարվող քաղաքականության հետևանքով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրը էլ ավելի լարված է:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի իրավական կողմը դնելով մի կողմ՝ ակնհայտ է, որ այն ձևն ու կերպը, որով իրականացվեց այդ գործընթացը, վնասել են ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Ի դեպ, այդ ռիսկերը ակնհայտ էին գործընթացի հենց սկզբից: Հաճելի չէր նաև ռուսական ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը և դրա մատուցման ձևը:
«Ալ Ջազիրային» տրված իր հարցազրույցում (հրապարակվել է հուլիսի 27-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց ռուսական կողմին իր ուղղված մեղադրանքը սադրանք կազմակերպելու մեջ, թեպետ մինչ այդ պաշտպանության նախարարը բավական հաջող հարթել էր սկանդալային թեման:
Ադրբեջանական ՍՊՈՒՏՆԻԿ գործակալությանը իր տրված հարցազրույցում Մարիա Զախարովան չի տարբերակել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, չնայած Հայաստան-ՌԴ հարաբերությունները դաշնակցային են և շատ ավելի ռազմավարական :
Թվարկված երկկողմանի բացասական ազդակները չեն կարող չմտահոգել, հատկապես հաշվի առնելով Հայաստանի իշխանափոխությունից հետո Մոսկվայում գերակտիվացած և ագրեսիվացած ադրբեջանական լոբբինգի աշխատանքը: Չմոռանանք նաև մեր երկրում ակտիվ գործող և մասնակիորեն իշխանության մեջ ներկայացված հակառուսական ճակատը:
Ցանկացած երկկողմանի հարաբերություն պետք է խարսխված լինի արժանապատվության, փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության վրա, ու սպասարկի երկրի պետական շահը: Այս դեպքում թե Հայաստանի, թե Ռուսաստանի շահերը թելադրում են նույն իմպերատիվը՝ հայ-ռուսական հարբերությունները պետք է մնան ռազմավարական-դաշնակցային:
Մնացածը՝ վտանգավոր խաղ է բոլոր կողմերի համար»: