Աշոտ Ղուլյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսուա Ռոշբլուանին
14.07.16 | 20:34
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ - Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 14-ին Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների եւ հազարավոր արցախցիների անունից ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը եւ դրան հետեւած Ֆրանսիական մեծ հեղափոխությունը նոր դարաշրջան բացեցին ոչ միայն ֆրանսիացիների, այլեւ համայն մարդկության պատմության մեջ:
Ազատության, հավասարության ու եղբայրության ֆրանսիական արժեքները երկու հարյուրամյակ հետո ոգեւորեցին նաեւ Արցախի ժողովրդին՝ իր ազատության համար մղվող պայքարում եւ յուրօրինակ ուղենիշ դարձան այս քսանհինգ տարիներին ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհին:
Մենք բարձր ենք գնահատում օրինակելի ժողովրդավարական արժեքային համակարգ ունեցող Ֆրանսիայի խորհրդարանական, քաղաքական ու հասարակական շրջանակների հետ մեր կապերը, որոնք, վստահ եմ, ամրապնդվելու եւ ընդլայնվելու մեծ ներուժ ունեն:
Վերստին շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ»: