Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և 33-ամյա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Նա կալանավորված է։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, դեռևս 11 տարի առաջ՝ 2007-ին,հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Հարուցվել էր քրեական գործը, որը, սակայն կարճվել էր․ որոշվել էր Արթուր Ղևոնյանին քրեական հետապնդման չենթարկել՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունից հետո հարուցվեց նոր քրեական գործ, որի արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե անզգուշությամբ Արթուր Ղևոնդյանի կողմից, այլ նրան փորձել են սպանել, իսկ սպանության փորձն իրականացրել է Հայկ Սարգսյանը։
Նախաքննական մարմնի փոխանցմամբ, Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Իրավապահները հայտնաբերել և առգրավել են ատրճանակը:
Ըստ իրավապահների, կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ է կրակոց արձակվել տուժողի որովայնի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով՝ ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ։