Սաթէ-Աթղը թատերական միությունը Հայաստանում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք
04.09.18 | 14:04
Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի
Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք;
Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթղըե թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին և հանդիսատեսին ճանաչելի դարձնել ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործություններըֈ Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված և բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով, դժբախտաբար, գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին, և ո՛չ էլ՝ հայ հանդիսատեսին:
Մեր նախագիծը ներառում է հետևյալ միջոցառումների շարքը.
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի
«Սպանդի Աստվածըե պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե
Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթև Հովակիմյանը և Արթուր Մանուկյանը: Բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան:
Նույն պիեսը կբեմադրվի նաև ֆրանսերեն և կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Պիեսի ֆրանսերեն տարբերակում կներկայանան հրավիրյալ դերասաններ՝ Քիթ Ֆարքուարը /Ֆրանսիա/, Մարժոլեն Օժերը /Կանադա/ և Ժերալդ Բաբազյանը /Ֆրանսիա/: Հրավիրյալ արտիստները կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում /ուսանողների համար/ և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում /պրոֆեսիոնալ դերասանների համար/:
Կդասավանդվի մասնավորապես Մայզների տեխնիկան:
Վարպետության դասընթացներ կլինեն նաև ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ ՛՛Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով՛՛ խորագրով:
Կթարգմանվի և Զանգակ հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա Զանգակ գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաև Ռեզայի ՛՛ԱՐՎԵՍՏ՛՛ պիեսի թատերականացված ընթերցումը, որը Սաթէ-Աթղը թատերական միությունը իրականացնում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ: Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
LOFT-ում կցուցադրվի Ռեզայի ՛՛ԿՅԱՆՔԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ՛՛ պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ, գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան:
Սաթէ-Աթղը թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ ՛՛Սպանդի Աստվածը՛՛ բեմադրությունը Գորիսի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի կլինեն նաև վարպետության դասընթացներ:
Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաև Սևանում:
Հայ թատրոնի խաղացանկը կարիք ունի թարմանալու համաշխարհային հնչեղություն ունեցող գրողների երկերով, և սա հրաշալի առիթ կլինի անդրադառնալու համաշխարհային գրականության և թատրոնի մեջ իր ուրույն տեղն ունեցող ժամանակակից այս հեղինակինֈ
Մեր նախագծի աջակիցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, Լյոնի Մետրոպոլը (Mռtropole de Lyon), Իզեղ դեպարտամենտի խորհուրդը (CDI), Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանը, ԻՐԱՊԱ հարթակը (IRAPA) և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), ինչպես նաև Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Զանգակ գրատունը և հրատարակչատունը, LOFT-ը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ու Երևանի քաղաքապետարանը: