Ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում. Փաշինյան
04.09.18 | 15:45
Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարին հանձնարարել է, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տրվի Շանթ Հարությունյանին, որպեսզի հանդիպի լրագրողների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե Շանթ Հարությունյանն ուզում է լրագրողների հետ շփվել, ապա ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետը սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի խնդրին՝ հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ընկերաբար խնդրել է, որ օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, սակայն նա մերժել է:
Վարչապետի հայտարարությանը արձագանքել էր նաև Շանթ Հարությունյանը. «Այսօր վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունեմ: Ցավոք դատական նիստեր էլ չկան: Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես իհարկե ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն»: