Եթե էլի ձայնագրություններ կան՝ թող հրապարակեն, ցանկացած բառիս համար կարող եմ պատասխան տալ. ԱԱԾ տնօրեն
11.09.18 | 17:12
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում ՝ իր ու ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ ձայնագրությունում առկա ցանկացած բառի համար կարող է պատասխան տալ:
«Ցանկացած բառիս համար կարող եմ պատասխան տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրենը:
Նա ընդգծեց՝ ինքն ու ՀՔԾ պետը ոչ միայն գործընկերներ են, այլև՝ ընկերներ ու հեռախոսով շատ բաներից են խոսում ու շատ հաճախ.
«Այն, ինչ որ անում ենք, անում ենք օրենքի շրջանակներում»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
Ի դեպ, ԱԱԾ տնօրենը կոչ արեց՝ եթե էլի ձայնագրություններ կան՝ թող հրապարակեն:
Հիշեցնենք՝ այսօր YouTube-ում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործերը:
ԱԱԾ տնօրենը հորդորում է Խաչատուրովի հետ «գործ չունենալ», քանի որ դա նյարդայնացնում է ռուսներին. «Խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները...»:
Վանեցյանն առաջարկում է Խաչատուրովին կանչել հարցաքննության ու խափանման միջոցը փոխել, մինչդեռ ՀՔԾ պետը պնդում է, որ մինչև Խաչատուրովը չկալանավորվի, ցուցմունք չի տա.
«Թող երկու օր նստի խելքը գլուխը գա, ցուցմունք կտա», - ասում է ՀՔԾ պետը, ինչին ԱԱԾ տնօրենն արձագանքում է. «Թող նստի»:
Ապրիլին Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ չի պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ «Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ», - ասել էր Փաշինյանը։
Նշենք նաև, որ ՀՔԾ-ն անկախ կառույց է և չի ենթարկվում կառավարությանը: