Նյարդեր, հումոր, քաղաքային կյանք. տեղի ունեցավ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման պրեմիերան
20.09.18 | 11:54
Մկրտիչ Արզումանյանն ու Սաթենիկ Հախնազարյանը հանդիսատեսին ներկայացան նորովի՝ սեպտեմբերի 19-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման սպասված պրեմիերան: Նիլ Սայմոնի «Երկրորդ պողոտայի բանտարկյալը» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացման հիմքում քաղաքային կյանքն է՝ լի հումորով ու նյարդերով, ապրումներով ու էմոցիաներով:
Մկրտիչ Արզումանյանը նշեց, որ վաղուց էր ցանկանում լուրջ դերով հանդես գալ թատրոնում, քանի որ մեծ է թատրոնի դերը մարդու ձևավորման և զարգացման համար:
«Քանի, որ ցանկությունս մեծ էր ոչ հումորային դերերում խաղալ, ապա այս պահին ճիշտ էր ներկայացնել տրագիկոմեդիա։ Կարծում եմ ռիսկային քայլ էր, սակայն սա ավելի հետաքրքիր կլինի հանդիսատեսին։ Այն ձևաչափերը, որոնցում ինձ սովոր են տեսնել, արդեն սպառել են իրենց։ Թե՛ տեխնիկական, թե՛ թեմաների առումով դադար տալու կարիք կար, իսկ թատրոնն ու նման ստեղծագործություններն անմահ են։ Ինձ ավելի հոգեհարազատ է թատրոնը և հնարավորինս այնպես եմ անելու, որ ավելի հաճախ լինեմ թատրոնում»,– ասաց դերասանը:
Ներկայացման ռեժիսորը Արման Նշանյանն է, իսկ Նիլ Սայմոնի պիեսի տեղայնացման վրա աշխատել են Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսեսյանը։ Բոլորին իրար շուրջ համախբելու բարդ գործը, բնակաբար, եղել է պրոդյուսերինը՝ Արման Միտոյանինը:
Լրագորղ՝ Արմինե Բրսոյան