«Մթնոլորտը դրական է, կարծում եմ` նորմալ ընտրություններ կընթանան»,- Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 9/24 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացին:
Նա արձանագրեց, որ շատ կարևոր է ներկայիս հանգրվանը բոլորի համար, քանի որ Երևան քաղաքը վաղը կունենա նոր ղեկավարություն, այսօր, բնականաբար, մեր քաղաքացիները կատարելու են իրենց ընտրությունը, և Զուրաբյանի կարծիքով, այս ընտրությունն աննախադեպ է, որովհետև ընտրատեղամասի դիմաց չեն տեսնում նրանց, ում տեսնում էին նախորդ բոլոր ընտրություններին:
«Նրանց, ովքեր ինչ-որ բան էին կազմակերպում, տանում-բերում, և այլն։ Այսինքն` մթնոլորտը շատ դրական է: Ես կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կընթանան, և մենք կունենանք այն պատկերը, որն առկա է իրականում Երևան քաղաքում»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
Անդրադառնալով ընտրախախտումների մասին ահազանգերի հետքերով ՀՀ ոստիկանության իրականացրած երեկվա գործողություններին` Արարատ Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունը պետք է մի փոքր ավելի ուշադիր լինի և ամեն չստուգված ահազանգի տեղի չտա։
Նրա որակմամբ՝ տեղի ունեցածը թյուրիմացություն էր: Քաղաքապետի թեկնածուի խոսքով, ակնհայտ է, որ բոլոր քաղաքական ուժերը հստակ գիտակցել են, որ նման երևույթներ չեն լինելու և բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով։
Նա ակնարկեց, որ խոսքը նախօրեին ԲՀԿ Աջափնյակի շտաբում ՀՀ ոստիկանության գործողությունների մասին է: Զուրաբյանը նշեց, որ շտաբներ մտան, բայց ինչ-որ բան ի հայտ չեկավ: Սակայն, նրա արձանագրմամբ, մթնոլորտի պղտորման էլեմենտ նկատվեց։ «Ես կուզեի, որ նման բաներ ընդհանրապես չլիներ: Էլի եմ ասում, որ գոնե մեզ բոլորիս` երևանցիներիս համար պարզ է, որ այն մեխանիզմները, որոնք գործել են բոլոր նախորդ ընտրություններին, այս անգամ առկա չեն։ Դա շատ ուրախալի է»,- ասաց Զուրաբյանը։
Արձագանքելով Դանիել Իոաննիսյան-Նաիրա Զոհրաբյան «բանավեճի» մասին հարցին` «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ չի լսել Իոաննիսյանի արտահայտությունները, որպեսզի կարողանա դրանց գնահատական տալ: «Զբաղված եմ եղել մեր կազմակերպչական գործերով, որևէ հնարավորություն չեմ ունեցել հետևել լրատվությանը»,- նշեց թեկնածուն: