Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշել է դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի նախագիծն արժանացրել է հավանության:
Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Այն պետք է ընդունի Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,-գրել է նախարարը, ապա շարունակել.
«Նոր կառավարության կազմավորման առաջին իսկ օրվանից աշխատել ենք այս նախագծի վրա, ու այն պատրաստ է եղել դեռևս մայիսին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաներումը զուտ քաղաքական գործընթաց չէ, այլև՝ իրավական, կառավարչական, և որը պահանջում է խորը ուսումնասիրություն ու վերլուծություն, հաշվարկ, կանխատեսումներ՝ այն այսօր ներկայացվեց Կառավարության հաստատմանը:
Սիրելիներս, համաներմանը չի կարելի վերաբերվել որպես մեխանիկական գործընթացի, իսկ առիթին, որպես՝ պատրվակի: Այս համաներումը կատարվում է ի նշանավորումն Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի: Պետք է գիտակցել, որ Կառավարությունը, Ազգային ժողովը, պետությունը, դատապարտյալին, հանցագործության մեջ կասկածվողին ներում է, ազատում է պատժից հանրության անունից՝ ում դեմ ուղղված է եղել ներվողի կողմից գործած հանցանքը, ում առջև նա մեղք է գործել (առաջնորդվում ենք դատական ակտերի օրինականության կանխավարկածով՝ չմասնավորեցնելով այն դեպքերը, երբ դատական ակտերի արդարացիության նկատմամբ առկա է հանրության տարակուսանքը): Անձը պետք է փոխի իր վարքագիծն ու վերաբերմունքը հանրության, պետության, մարդու և մարդու իրավունքների հանդեպ և, ազատության մեջ հայտնվելով, անի առավելագույնը՝ անազատության ու քրեակատարողական հիմնարկների ճանապարհը մոռանալու համար, իսկ ներվածի կողմից կրկին հանցանք կատարելու, անձանց՝ հանրության ներկայացուցիչների իրավունքները խախտելու դեպքում, Կառավարությունը կկորցնի այն վստահության ռեսուրսը, որ ստացել էր հանրությունից»: