Շարմազանով համոզմամբ, պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում
06.10.18 | 15:32
Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործընկերների հետ շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնելու համար:
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը կամ քարոզչությունը:
«Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար: Այդ իմաստով թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող և նմանատիպ վատ երևույթների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի: Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում ևս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ և բարոյական դաստիարակության և այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական և բնականոն զարգացման պաշտպանության: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրականացնելու հարցերում»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Քանի որ փոփոխությունների փաթեթը բավական լայն է և բազմաշերտ, Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ կառաջարկվեն նաև այլ օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի մեր երկրում ավանդական ընտանիքի, հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեական և ազգային արժեքների պաշտպանությունը: