Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Կապանում կայանալիք հանրահավաքին խոսելու է ոչ միայն Կապանի քաղաքապետի ընտրությունների, այլ նաև կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն:
Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կլինի Կապանում, որի ընթացքում կունենա աշխատանքային քննարկումներ, իսկ երեկոյան կմասնակցի «Իմ քայլը» քաղաքական թիմի քաղաքապետի թեկնածու Նարչեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին: