Մարդիկ, ովքեր ՀՀԿ-ին ձայն էին բերում, չեն առաջադրվելու, որովհետև հազիվ ազատագրվել են. Նիկոլ Փաշինյան
24.10.18 | 17:42
Իմ ունեցած տեղեկություններով՝ իրենք իրենց նախկին գործընկերների հետ աշխատել են, որ նրանք չգան քվեարկության, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունմանը։
«Մեր հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, թե մենք ուզում ենք բոլորին ճնշենք, ուզում ենք դիկտատուրա հաստատենք, բայց մենք չեն ուզում, իրենք են դա անում», - ասաց նա։
Հարցին, թե գործարար պատգամավորների ներկայությունն արդյոք պայմանավորված էր նրանց վրա իշխանության կողմից եղած ճնշումներով՝ Փաշինյանն ասաց.
«Ճնշում չկար։ Եղել է պայմանավորվածություն։ Մարդիկ իրենց պայմանավորվածությունների համաձայն եկել են, մի մասն էլ իրենց պայմանավորվածությունների համաձայն չի եկել», - ասաց նա։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ գործող ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու խնդիր իրենք ևս չունեն։
«Այն հին համակարգը չի լինելու, այն մարդիկ, ովքեր իրենց ձայն էին բերում, չեն առաջադրվելու, որովհետև այդ մարդիկ հազիվ ազատագրվել են։ Անկեղծ ասեմ ձեզ, վարչապետ ընտրվելուց հետո մի քանի հոգու հրավիրել եմ և ասել եմ՝ հլա մի հատ բացատրեք՝ ձեր ինչի՞ն է պետք, որ դուք պատգամավորի թեկնածու առաջադրվեք, էդքան փող ծախսեք, էդքան նեգատիվ ձեր վրա կենտրոնանա։ Մի քանի հոգի շատ անկեղծ ասել են՝ մեզ կանչել են, ասել են այսքան ձայն պիտի ապահովեք, գնացեք ստեղ առաջադրվեք, այսսքան էլ փող կծախսեք ու ոնց ուզում եք այսքան ձայնն ապահովեք», - ասաց նա։
aysor.am