Վիգեն Սարգսյանն արձագանքել է Մենուա Հարությունյանի հարցադրմանը
29.10.18 | 13:26
<< Իսկ ինչու՞ դերասանը կարող է պատգամավոր լինել , իսկ գործարարը՝ ոչ, բժիշկը կամ երգչուհին կարող են, իսկ իր աշխատանքով հարկեր վճարող և աշխատատեղեր ստեղծող գործարարը՝ ոչ, կամ թերթ վաճառելով փող աշխատողը կարող է , իսկ գարեջուր կամ կոնյակ վաճառելով փող աշխատողը՝ ոչ...>>.
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի այս հարցադրող գրառմանն արձագանքել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ գրելով.
<< Մենուա ջան, պարզ պատճառով` մեր մեջ դեռ շատ-շատ են խորհրդային այն մտածողության կրողները, որ գործարարը «սպեկուլյանտ» է: Նաև որովհետև երկրի վարչապետը պարբերաբար հավասարության նշան է դնում տնտեսական և քերական էլիտայի միջև (տե՛ս Կապանի քաղաքապետի ընտրության մեկնաբանություններն ԱԺ-ում): Որովհետև շատերին թվում է, որ գործարարը կարող է հաջողության հասնել միայն իշխանական լծակներով: Անկախության տարիները մեզ տվել են փայլուն գործարարներ` ազնիվ, աշխատասեր, Հայաստանի համար շատ ավելինն արած, քան բազմաթիվ քաղաքական գործիչներ` թե իշխանավոր, թե ընդդիմադիր: Նրանք անհամեմատ ավելի լուռ են, համբերատեր, զուսպ, համեստ, բայց իրենց որոշումներն էլ հաճախ անդառնալի են: Նրանք չեն գոռալու արտագաղթի մասին, չեն շրխկացնելու դուռը, չեն կարելու տարիներ առաջ կտրված ժապավենները: Պարզապես լուռ արտահանելու են սկզբից իրենց կապիտալը, հետո ընտանիքները, վերջում էլ իրենք են մեկնելու: Գործարարները չեն սիրում, երբ իրենց, թեկուզև ամենադրական նպատակներով, կուռացիայի տակ են առնում ուժայինները: Չեն սիրում, երբ վտանգվում է թեկուզև ուրիշի սեփականությունը: Չեն սիրում, երբ պետությունն անգործության է մատնված, երբ 10-20 հոգի փակում են հանքի ճանապարհը: Այս պահի տնտեսական ցուցանիշներն առաջին նախանշաններն են: Հայաստանում յուրաքանչյուր փակվող աշխատատեղ պետք է դառնա լրջագույն քննարկման թեմա>>:
Շարունակելով արձագանքը Վիգեն Սարգսյանն ընդգծում է.
<< Եթե չսթափվենք, լրջագույն հարված ենք ստանալու: Հայաստանում յուրաքանչյուր փակվող աշխատատեղ պետք է դառնա լրջագույն քննարկման թեմա: Մեր տնտեսության վիճակի վարչապետի ախտորոշումը սկզբունքորեն սխալ է: Չգիտեմ, թե ո՞վ է նրան ասել, որ մեր տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու խաղադրույքներն են: Դա այդպես չէ: Ծառայությունները լրջագույն հատված են, և դա լավ արդյունք է, պետք է զարգացնել դա: ՏՏ ոլորտն ամենալուրջ աճն է գրանցում: Մեր ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի 4 տոկոսը` միջազգային մակարդակով լավ ցուցիչ է, պետք է զարգացնել: Երբ խոսվում է հանքերը փակելու, ագրարային երկրից բարձրտեխնոլոգիական երկիր դառնալու մասին, հիշում եմ Նաիրիտի փակման և Հայաստանի քիմիական արդյունաբերության գլխատման ճանապարհին հնչած ճառերը և համաժողովրդական ցույցերը: Տնտեսությունը սիրում է զգուշավոր, խոհեմ, երկարատև պլանավորած մոտեցում: Ի վերջո, յուրաքանչյուր փակվող կամ կասեցվող արտադրություն Հայաստնում կատարած միջազգային ներդրման արդյունք է` երկրի վատ իմիջ է ձևավորվում, որը բարդ է լինելու փոխել>>: