Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 5-ին լարված իրավիճակ է եղել. ժամը 16:00-ից 300-ից ավելի քաղաքացիներ, որոնք աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում, ի նշան բողոքի, փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն, տարվա ցանկացած եղանակային պայմաններում՝ թե՛ ձյանը, թե՛ անձրևին, թե՛ շոգին, աշխատել ենք իրենց ուզածով: Ոչ մի վրիպում չենք տվել ու հիմա որոշում են կայացրել, որ մեզ բոլորիս պրեմիաներից պետք է զրկեն»:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ մի քանի ժամ բանակցություններ է վարել ոստիկանության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներ, սակայն բողոքի մասնակիցներն ասում էին, որ այդ եկողները լսողի դերում են միայն հանդես գալիս: Նրանք ի վիճակի չեն իրենց խնդիրը լուծել:
«Մենք պահանջում ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության առաջին դեմքերի հետ հանդիպում: Հակառակ դեպքում՝ կաթվածահար ենք անելու երկաթուղու աշխատանքը»,- ասել են ցուցարարները: