ՎԶԵԲ-ի հետ քննարկվել և գտնվել են լուծումներ, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը. Տիգրան Խաչատրյան
16.11.18 | 15:31
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համատեղ քննարկվել և գտնվել են լուծումներ մի շարք հարցերի, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը։
Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՎԶԵԲ ամենակարևոր գործընկերներից է։ Հայաստանյան գրասենյակի ղեկավարը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել Բանկի գործունության հիմնական ուղղությունները և տնտեսության այն ոլորտները, որտեղ ուղղվում են ՎԶԵԲ-ի ռեսուրսները։ Դմիտրի Գվինդաձեն և Տիգրան Խաչատրյանը քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթի շուրջ տարվող աշխատանքները, ճշգրտել փաստաթղթի հետ կապված հետագա քայլերը։
Նախարարի պաշտոնակատարը Դմիտրի Գվինդաձեի հետ քննարկել է նաև բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային փորձին ու դրա արդյունավետությանը Հայաստանում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի գործունեության և դրա արդյունավետության բարձրացման հարցերին։
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հավաստիացրել է, որ նախարարությունը կարող է հույս դնել Բանկի վրա իր նախաձեռնություններում, որոնք միտված կլինեն գործարար միջավայրի բարելավմանը։