Անձնական պատմություններից մինչև քաղաքականություն. տեղի ունեցավ «Մեծ չաղ հայկական Stand Up»-ի երևանյան պրեմիերան
18.11.18 | 12:22
Հաղորդավար և հումորիստ գործընկերներ ArmComedy-ի Նարեկն ու Սերգեյը, որոշել էին երևանցիներին ներկայացնել իրենց նոր՝ «Մեծ չաղ հայկական Stand Up»-ը: Երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Մեծ չաղ հայկական Stand Up»-ի երևանյան պրեմիերան: Մինչ Երևան հասնելը նրանք երկար ճանապարհ էին անցել. առաջնախաղը կայացել էր Գյումրիում, հետո՝ Վանաձորում, իսկ վերջում՝ Երևանում: Ընտրված ճանապարհը սիմվոլիկ է՝ տղաները, կարծես, անցել են հեղափոխության հետքերով:
«Մենք փորձում ենք ամեն մի քաղաքում ավելացնել տեղային այնպիսի հումորներ ու կոլորիտ, որ ամեն տեղ հանդիսատեսին հետաքրքիր լինի: Գյումրիում ուշադրությունը հենց այնտեղի քաղաքական անցուդարձի վրա էր, Վանաձորում՝ ևս: Երևանում, քանի որ բոլորն են «կուտակված», ավելի բազմաբնույթ էին հումորները: Մենք շատ գոհ ենք և երջանիկ, քանի հանդիսատեսը ծիծաղում էր»,- ներկայացումից անմիջապես հետո իր տպավորություններով կիսվեց Սերգեյ Սարգսյանը:
Ի հավելում գործընկերոջ խոսքին Նարեկ Մարգարյանը կես կատակ, կես լուրջ նշեց, որ նախատեսում են այցելել նաև այլ մարզեր, օրինակ՝ Գլենդելի մարզ:
«Մարզերում նախորդ երկու ներկայացումից հետո հասցրել էինք զգալ ու սրել այն թեմաները, որոնք հանդիսատեսը ընդունում է: Ամենապատասխանատուն մեր համար Երևանն էր, քանի որ այստեղ ամենամեծ դահլիճն էր, որտեղ մենք դեռ ելույթ ենք ունեցել՝ մոտ 1200 մարդ: Հաղորդման ֆորմատից հետո դահլիճում ելույթ ունենալը դժվար է և պատասխանատու»- ասաց Նարեկ Մարգարյանը:
Տարին շատ հագեցած էր քաղաքական իրադարձություններով և տղաները փորձեցին ամփոփել բոլոր կատավարծները, ցույց տալ այդ ամեն ինչի իրենց տեսլականը, վերագնահատել և հիշել բոլոր յուրահատուկ պահերը:Քաղաքական սուր թեմաներին զուգահեռ տղաները ներկայացրեցին նաև իրենց անձնական կյանքից այնպիսի պատմություններ, որոնց մասին ոչ բոլորը կխոսեին հանրության առաջ: Magnis.News-ին հետաքրքրեց՝ չկար արդյոք մտավախություն, որ հանդիսատեսը ճիշտ չի հասկանա իրենց: Ինչին ի պատասխան նրանք նշեցին.
«Չէ, քանի որ մենք ընտրել էինք հենց այն ոճը, որը հիմնված է մարդու սեփական փորձի վրա, որը երբեմն դառն է, երբեմն էլ՝ զավեշտալի: Մենք ամբողջությամբ «մերկանում» ենք հանդիսատեսի առաջ: Հանդիսատեսը ջերմ ընդունում է»:
Տղաները նաև նշեցին, որ Stand-up-ի մտահղացումն ավելի վաղ են ունեցել և պետք է պատրաստ լիներ մայիսին, բայց հեղափոխությունը փոխել է նրանց ծրագրերն ու տվել նոր թեմաներ: