«Հաղթանակի գենեզիս». նոր վավերագրական ներկայացում Արցախյան պատերազմի մասին
29.01.19 | 14:58
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի նոր ներկայացում դիտելու՝ բեմադրվել է Արցախյան պատերազմի մասին պատմող «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը, գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը և դերասան Վարշամ Գեւորգյանը խոսեցին ներկայացման մասին, որը իրենց ապրումների ու հուշերի հիման վրա է ստեղծվել:
Արման Նավասարդյանի խոսքով՝ հնարած կամ մտացածին չէ ներկայացումը, այլ հիմքում միայն իրականում իրենց տեսածն ու ապրածն է:
՛՛Վավերագրական այս ներկայացման մեջ ներառված պատմությունները դեռևս 2-3 տարի առաջ տեղի ունեցած դեպքերն են: Սա մի պիես չէր, որ վերցնեինք ու բեմադրեինք, մենք տարբեր իրական պատմությունների մեջ ընդհանուր գիծ ենք գտել ու դարձրել բեմադրություն: Ընացքում նոր պատմություններ էինք հիշում, ավելացնում և այդպես ստացվեց այս ներկայացումը'', - նշեց Արման Նավասարդյանը:
Նոր ներկայացման սցենարի հեղինակը Սառա Նալբանդյանն է: Բեմում երեք գործող անձ կլինեն, որոնք ցույց կտան, թե ինչպես է ստեղծվել այսօրվա Հայաստանը, որտեղից ենք եկել ու ուր ենք հասել: Դերակատարներն են Նարինե Գրիգորյանը,Արման Նավասարդյանը և Վարշամ Գեւորգյանը: Ներկայացված գործողությունները տեղի են ունենում երեք տարբեր վայրերում` Արցախում, Շամշադինի սահմանամերձ մի գյուղում և Երեւանում: Կարևոր ասելիքը այն է, թե որտեղ են ծնվում հաղթանակները և հենց այդ պատճառով էլ կոչվում է «Հաղթանակի գենեզիս»: Նախնական տարբերակում նաև քննարկվել է այլ ավանում՝ «Պատերազմի խաղալիքներ»:
Արմինե Բրսոյան