Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին և մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Այս մասին տեղեկացնում են Ոսռիկանության լրատվական ծառայությունից:
Ողջունելով նախաքննական մարմնի ներկայացուցիչներին՝ Վալերիյ Օսիպյանը ընդգծել է երկու ծառայությունների համագործակցության անհրաժեշտությունն ու փոխգործակցության զարգացումը, որը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ազդակ է։
«Մենք ունենք համատեղ աշխատանքի երկարամյա փորձ, որի շնորհիվ բացահայտվել, բացահայտվում և, անգամ, կանխվում են առանձնապես ծանր հանցագործություններ»,- փաստել է ոստիկանության պետը՝ հույս հայտնելով, որ այսուհետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավելել է, որ չնայած գործառութային որոշակի տարբերություններին, ոստիկաններն ու քննիչները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։
Արման Պողոսյանը անդրադարձել է վերջերս տեղի ունեցած մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը՝ շեշտելով, որ էական նշանակություն ունեցող ապացույցները վեր են հանվել ոստիկանների և քննիչների արագ արձագանքման, համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հատուկ շնորհակալություն է հայտնել ոստիկանության փորձաքրեագետներին՝ ընդգծելով, որ նրանց տիտանական աշխատանքի շնորհիվ է նաև, որ այդ հանցագործությունները բացահայտվել են թարմ հետքերով։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում մեծածավալ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես և սերտ համագործակցություն ապահովելու համար քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար մեդալով» և ՀՀ ոստիկանության պատվոգրով։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով պարգևների արժանացան նաև ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագետներ՝ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում ներդրած ավանդի համար։