Ա.Կ.Ա.՝ Արամ, Կարեն, Արթուր. երկու եղբայր ու մեկ ընկեր, ուժեղ բնավորություններ, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են կյանքի հակառակ բևեռներում. այսօրվանից մեծ էկրաններ բարձրացավ ռեժիսոր Արմեն Միրզոյանի «Ա.Կ.Ա» ֆիլմը: Սյուժեի հիմքում երկու հարազատ եղբայրների և ընկերոջ պատմությունն է միաձուլված մի քանի կյանքերով ու ճակատագրերով: Ֆիլմը արտացոլում է 90-ականների հայաստանյան իրականությունը, ուր տեղ են գտել ընկերությունը, դավաճանությունը, նվիրվածությունը, սերն ու ընտանիքը:
Բեմադրող ռեժիսոր Արմեն Միրզոյանի խոսքով Ֆիլմի գաղափարը իրենն ու Սարգիս Գրիգորյանինն է եղել, իրականացման համար աշխատել է մեծ թիմ։ Քանի որ ժանրը դրամա է՝ աշխատել են տարբեր մասնագետների հետ՝ հոգեբաններ, իրավաբաններ և այլն։
Ֆիլմի նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել Երևանում: Կոմպոզիտոր Արման Էլբերտի կողմից հատուկ ֆիլմի համար գրվել է երաժշտություն: Գլխավոր դերերում իրենց անզուգական խաղով հանդես են եկել հիմնականում հայտնի դերասաններ՝ Սարգիս Գրիգորյան, Խորեն Լեւոնյան, Նարինե Պետրոսյան,Արաբո Գրիգորյան, Աննա Գրիգորյան, Աննա Դովլաթյան, Դավիթ Աղաջանյանը, Գեորգի Հովակիմյանը, Սամսոն Ստեփանյանը և այլք : Ֆիլմն աչքի է ընկնում համարձակ և կտրուկ տեսարաններով:
՛՛Ֆիլմը երեք իսկական տղերքի մասին է։ Այս ֆիլմում խնդիր էր դրված ցույց տալ իրական հայ տղամարդուն՝ իր արժանապատվությամբ և ուժեղ բնավորությամբ։ Ֆիլմում զուգահեռ նաև հայ կնոջ՝ իրական կնոջ, կերպարն է ներկայացվել։ Այս ֆիլմն առաջինն է, սխալներ նկատել եմ, բայց դա ևս համարում եմ գործընթացի մի հատվածը և կարծում եմ, որ առաջիկայում էլ ավելի լավ ֆիլմեր կլինեն"-ասաց Սարգիս Գրիգորյանը։
Արաբո Գրիգորյանի համար "Ա.Կ.Ա."-ն դեբյուտային ֆիլմ է, և դերասանը նշեց, որ արվել է ամենը, որ ֆիլմը հանդիսատեսին դուր գա։
"Մենք փորձել ենք դիտողին փոխանցել իրական զգացումներ ու զգացմունքներ, քանի որ ֆիլմը իրական ընկերության, սիրո, կանանց և ընդհանրապես իրական մարդկանց մասին է: Իմ հերոսը անցնում է կյանքի երկու փուլ, որոնք լի են խնդիրներով և կորուստներով, բայց նա ուժեղ է գտնվում և չի հանձնվում ",-ասաց Արաբո Գրիգորյանը։
Ֆիլմի պրոդյուսերները՝ գլխավոր դերակատերներից Սարգիս Գրիգորյանը և Արաբո Գրիգորյանը, ուսումնասիրելով ֆիլմարտադրության ոլորտը, որոշել են ֆիլմը հենց դրամա ժանրում նկարահանել։ Այսօրվանից ՛՛Ա.Կ.Ն.՛՛ կլինի բոլոր կինոթատրոններում: