Ավանդույթի համաձայն` Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է հայ ականավոր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ մեծ է Տիգրան Շամիրխանյանի ունեցած ավանդը թատրոնում և ժամանակն է, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը կրի հիմնադրի անունը:
Խոսելով մրցանակաբաշխության մասին՝ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ սկսնակների համար նոր քայլերի ու հնարավորությունների, իսկ թատրոնում երկար ճանապարհ անցածներին հիշելու և մեծարելու համար է «Արտավազդ» -ը:
Տարվա լավագույն դերասանուհու տիտղոսին հավակնում էին Կարինե Ջանջուղազյանը (Տիկնիկային թատրոն) , Տաթեւ Մելքոնյանը (Տիկնիկային թատրոն), Մագդա Մկրտչյան (Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն) և Եվա Զաքարյանը (Արտաշատի դրամատիկական թատրոն): Լավագույնը ճանաչվեց Տաթև Մելքոնյանը «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:
Լավագույն դերասան ճանաչվեց Խորեն Լևոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, սակայն նա ներկա չէր մրցանակաբաշխությանը:
Երիտասարդ լավագույն դերասանի մրցանակակիրները երկուսն էին՝ Սենիկ Բարսեղյան ու Վիգեն Թադևոսյան:
«Տարվա լավագույն ներկայացում» ճանաչվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Չիպոլինո»-ն:
Այս տարի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը եւ «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Մշտական անվանակարգերից բացի հատուկ մրցանակներ, պատվոգրեր, ՀԹԳՄ դիպլոմներ ու ոսկե մեդալներ հանձնվեցին.
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ տրվեցին Ռազմիկ Խոսրոևին, Սերգեյ Մանղալյանին, Յուրիկ Ոսկանյանին, Ռուբեն Հարությունյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին:
ՀԹԳՄ ոսկե մեդալներ տրվեցին Արսեն Ղազարյանին, Անահիտ Բաբելյանին, Կարինե Ջանջուղազյանին, Սոնա Մելոյանին և Կարապետ Շահբազյանին:
Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին «Թակարդ Ստալինի համար» ներկայացման համար:
Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացան Համլետ Ղալեչյանը, Տիգրան Վիրաբյանը և Վարդան Մկրտչյանը:
Մյուս անվանակարգերում մրցանակի արժանացան.
Լավագույն երիտասարդ բեմադրիչ- Պարոնյանի անվ. թ-ն
Արմեն Մարգարյան - «Դու էիր պակաս»
Լավագույն սցենոգրաֆիա- Սունդուկյանի անվ. թ-ն
Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան - «Սասնա ծռեր»
Լավագույն երաժշտության հեղինակ- Սունդուկյանի անվ. թ-ն Վաչե Շարաֆյան - «Սասնա ծռեր»
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Սունդուկյանի անվ. թ-ն Դավիթ Գասպարյան - «Սասնա ծռեր»
Երկրորդ պլանիլավագույն դերասանուհի-Պարոնյանի անվ. թ-ն Ռուսական թ-ն Սաթենիկ Հախնազարյան - «Թակարդ Ստալինի համար», Աննա Բալանդինա - «Խաղաղության փողոցում»
Լավագույն մանկական ներկայացում-Աբովյանի թ-ն
«Պոչատ աղվեսը»
Արմինե Բրսոյան