Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ իրականացրեց Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծը: Այն մեկ ներկայացման մեջ միավորեց Եվրամիության անդամ մի քանի երկրի և հայ դերասանների, որոնցից յուրաքանչյուրը հանդես եկավ իր լեզվով: Բեմադրության առաջնախաղը տեղի ունեցավ ապրիլի 17-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում: «Սա շատ հետաքրքիր էքսպերիմենտ է․ բացի այն, որ նոր կապեր ստեղծեց, իր համեստ դերակատարումն ունեցավ Եվրոպայի հետ մշակութային հարաբերությունների կամրջման համար նաև աննախադեպ դարձավ ստեղծագործական առումով»,- նշեց պիեսի բեմական տարբերակի և բեմադրության հեղինակ Հակոբ Ղազանչյանը:
Նա ընդգծեց, որ ութ երկրից ժամանել են դերասաններ, որոնցից յուրաքանչյուրը խաղում է իր լեզվով, բայց բոլորին միավորում է թատերական լեզուն։ «Չի եղել մեկ օր, որ ես տպավորություն ստանամ, թե դերասանները միմյանց չեն հասկանում։ Նրանք մի երկրագնդի քաղաքացիներ են, և լեզվական սահմանափակումը բացարձակ դեր չխաղաց, որ մենք իրագործենք այս մտահաղացումը։ Հուսամ՝ այս աշխատանքը վերջինը չի լինի ու կներկայացվի տարբեր փառատոներում»,-նշեց Ղազանչյանը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով` իրենց համար այս նախագիծը խորհրդանշական արժեք ունի, քանի որ ցույց է տալիս, որ եվրոպացիները խոսում են տարբեր լեզուներով, բայց կարողանում են միասին հանդես գալ, քանի որ ունեն ընդհանուր մշակութային արժեքներ։ «Շեքսպիրը մեր ինքնության մի մասն է։ Մենք կարող ենք խոսել տարբեր լեզուներով, բայց հասկանալ միմյանց»,-ասաց դեսպանն ու հավելեց, որ դիտել է ներկայացումը ու այն ընկալել՝ առանց իմանալու դերասանների ազգային լեզուն։
«Հավատում եմ, որ դերասանները մեծ բավականություն են ստանում։ Դա ժամանակակից, ոչ դասական բեմադրություն է։ Երբ առաջին անգամ լսեցի նախագծի մասին, մտածեցի որ ռիսկային է, բայց հիմա տեսնում եմ, որ այն ստացված է»,-եզրափակեց Սվիտալսկին։ Բեմադրությունը նախատեսվում է ցուցադրել ոչ միայն Երևանում,այլև Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են պրոֆեսիոնալ թատրոններ (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Գորիս, Կապան):