2020-ի սկզբից կսկսվեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները. Մեսչյան
15.05.19 | 13:34
Հաջորդ տարվա սկզբից կսկսեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները, իսկ երկրորդ կարևոր ծրագիրը ճոպանուղու կառուցումն է, որը Նոր Նորքը միացնելու է քաղաքի կենտրոնին. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Արթուր Մեսչյանը նշեց, որ Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարության համար չեն կարող բյուջետային գումարներն օգտագործել և անհրաժեշտ են ներդրողներ:
«Նախատեսում ենք մինչև հունվար ավարտել նախագծային աշխատանքները, և 2020-ի սկզբից սկսել շինանարարական աշխատանքները։ Ժամանակին մեծ գումարներ է ծախսվել նախագծի վրա, մնում է կառուցման մեկնարկը տալ: Մետրոպոլիտենի կառուցապատաողին հնարավորություն է տրվելու մեծ մոլ կառուցել Թումոյի կողքի հատվածում, այսինքն հենց այդ մոլի ներսից կլինի մուտքը մետրո»,- ասաց ճարտարապետը:
Խոսելով Կենտրոնից դեպի Նոր Նորք ճոպանուղու մասին՝ Մեսչյանը նշեց.
«Կապը լինելու է երկրորդ մասիվից մինչև նախկին պոլիտեխնիկի մասնաշենքը՝ Աբովյանի պուրակի ձախակողմյան հատվածը։ Հետագայում այն զարգացում կունենա դեպի Հաղթանակի այգի։ Ճոպանուղին հանրային տրանսպորտի գործառույթ է իրականացնելու, ինչի համար անհրաժեշտ են 12-14-տեղանոց խցիկներ: Ինչպես մետրոյի նոր կայարանի դեպքում՝ այստեղ էլ հնարավորություն կտրվի կառուցել մոլ վերևի տարածքում, իսկ ճոպանուղու ներքևում կառուցվելու է հյուրանոց․ սա է լինելու կառուցապատողների հետ մեր պայմանը: Ամբողջ ֆինանասական հոսքը կլինի կառուցողապատողի վրա: Մենք կընդունենք այն առաջարկը, որը կլինի հարմար և մատչելի: Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ»:
Ճոպանուղու նախագիծը հանրությանը կներկայացվի շուտով, իսկ շինարարությունը կմեկնարկի 2020-ին։ Ճոպանուղին զբոսաշրային գործառույթ չի իրականացնի, քանի որ այն պետք է թեթևացնի տրանսպորտի հոսքը:
Արմինե Բրսոյան