Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում այսօր՝ մայիսի 24-ին, փոխըմբռնման հուշագիր կնքվեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» միջև: Այն միտում ունի իտալացիների և հայերի համար համապատասխանաբար հայկական և իտալական կինոն ճանաչելու հնարավորություն ապահովել: Իտալական «Սուդեստիվաի» կինոփառատոնում այսուհետ հայկական կինոյի օր կլինի, իսկ «Ոսկե ծիրան»-ում իտալական կինոյի բաժին: Հուշագիրը ստորագրեցին միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման: Ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոն:
Հարություն Խաչատրյանի խոսքով՝ հենց դեսպանի գաղափարն է եղել երկու երկրների միջև նաև կինոփառատոնի շրջանակներում ամրագրել լավ հարաբերությունները:
«Նախ ասեմ, որ շնորհակալ եմ պարոն դեսպանին նման ուշադրության համար, ինչը շատ քիչ դեսպանների մոտ ենք նկատել: Իտալական «Սուդեստիվալ» կինոփառատոնը մեր «Ոսկե ծիրան»-ի միջազգային լավագույն բարեկամն է դառնում: Արդեն մենք կսկսենք մտածել հաջորդ տարվա համար Ձեր փառատոնում ներկայացվող մեր ծրագրի մասին: Քանի ֆիլմ, քանի մարդ կգա՝ կպայմանավորվենք հետագայում »,- ասաց Հարություն Խաչատրյանը:
Իտալական կողմի համար ևս այս համագործակցությունը թվում է հիանալի հնարավորություն երկու ժողովուրդների իրար ճանաչելու գործում:
Հուշագիրը, որը ուժ մեջ է մտնում ստորագրման պահից, երեք տարի ժամկետով է՝ միչև փառատոնի 2023 թ. թողարկման ավարտը:
Տեղեկացնենք նաև, որ մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։
Արմինե Բրսոյան