Երբ պայքարում են քաղաքային իրականությունն ու մարդու անհատականությունը. նոր գիրք՝ «Ճարտարապետական մուտացիա»
25.05.19 | 20:00
Ժամանակակից գրող, արձակագիր, կինոգետ Արամ Ավետիսն իր ընթերցողի համար հերթական նվերը մատուցեց՝ «Ճարտարապետական մուտացիա» անվամբ: Ընթերացասեր հասարակությունը նրան արդեն հիշում է «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ №0-ի», «Մանիֆեստ Հուդայից համբույրի փոխարեն», «Կույր կետադրություն» և մի շարք այլ ստեղծագործություններից:
Հիմա հերթը «Ճարտարապետական մուտացիայինն» է, որի շնորհանդեսն այսօր էր: Այս գրքում քաղաքային իրականության և մարդու անհատականության պայքարն է, երբ ցնորքն ու ժամանակն իրար են խառնվել: Հեղինակը նշեց, որ գրքի վրա աշխատել է երկու տարի։
«Երբ սկսեցի գրել՝ շատ հետաքրքիր փորձություն էր. ես և ընկերս որոշեցինք քաղաքի մասին իրար նամակ գրել։ Ես գրում էի առավոտյան, իսկ նա ինձ պատասխանում էր երեկոյան։ Գրելու ընթացքում զգացինք, որ գրելու ձևն ու շնչառությունը տարբեր է։ Ես որոշեցի, որ ամենքս մերը պետք է գրենք քաղաքի, քաղաքում ապրող մարդու և նրա մտքերի մասին։ Գրքիս հերոսի անունն "Այլախոհ" է, նա մի մարդ է, ով ապրում է քաղաքում և քաղաքային մշակույթի մեջ դժվար է պահել իր անհատականությունը, և նա ամեն կերպ կռիվ է տալիս իր "ես"-ը պահելու համար։ Գրքի ասելիքը հենց այն է, որ մարդը չձուլվի քաղաքային իրականությանը, կարողանա պահել իր անհատականությունը։ Քաղաքային մշակույթում առկա մերկ ճշմարտության նման մատուցվող ճշտին զուգահեռ հերոսս ունի իր ճշմարտությունը»,- հավելեց Արամ Ավետիսը:
Արամը անկեղծացավ, որ գրքի հերոսի և իր մեջ շատ ընդհանուր գծեր կան։ Ցանկացած գրողի նման նա իր ալտերէգոն է ստեղծել հերոսի միջոցով, գրել այն ամենի մասին, ինչը իրենն է։Արամը սկսել է գրել 17 տարեկանից, իսկ առաջին քայլերն արել է բանաստեղծություններ գրելով։ Առաջին ստեղծագործությունը՝ «Նիցշեի տանը», տպագրվել է «Անդին» ամսագրում:
Արմինե Բրսոյան