ՄԻՊ-ն արձագանքել է կալանավորված ազատամարտիկի ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին հայտարարությանը
10.08.16 | 17:35
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Մհեր Մազմանյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին հայտարարությանը:
Գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ 6 անչափահաս ունեցող Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին օգոստոսի 10-ին ընդունել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմում եւ քննարկել են նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը: Այդ ուղղությամբ այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ:
Բացի այդ՝ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվում նաեւ միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մազմանյանի ընտանիքի աջակցության հարցը լուծելու նպատակով:
Հիշեցնենք, որ փաստաբանն ահազանգել էր, որ 6 անչափահաս երեխաները փողոցում հայտնվելու վտանգի առջեւ են հայտնվել:
«Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված է, որ եթե մարդուն ազատությունից զրկում են, ապա պետությունը պետբյուջեից գումար պետք է հատկացնի նրա ընտանիքին: Հիմա 6 երեխա դրսում հայտնվելու վտանգի տակ են, իրենք վարձով են բնակվում, անգամ հացի փող չունեն, պետությունը ոչինչ չի անում»,- ասել էր նա:
Մհեր Մազմանյանը կալանավորվել է է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով: