Հրանտ Մովսիսյանը նվաստացուցիչ է համարում ԵԹԿՊԻ 28.000 դրամ աշխատավարձը. ռեկտորը պարզաբանում է կատարվածը
09.10.19 | 16:08
Օրեր առաջ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար , ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն իր էջում գրել էր, որ բուհից հեռացման դիմում է գրել:
«28,300 դրամ. ԵԹԿՊԻ-ն այսքան է գնահատում իր դասախոսներին»,- դիմումին կից հրապարակել էր Մովսիսյանը:
Magnis.News-ի հետ զրույցում Հրանտ Մովսիսյանը նշեց, որ արդեն 10 տարի աշխատում է ԵԹԿՊԻ-ում, ունի հիանալի շրջանավարտներ, որոնք կայացել են իրենց գործում, և այս տարիների ընթացքում առաջին անգամ ստացել է նմանատիպ ցածր աշխատավարձ, ինչը վիրավորական և նվաստացուցիչ է համարում։
« Սեպտեմբեր ամսվա համար ես ստացա 28 հազար դրամ, և երբ հարցը բարձրացվեց, ռեկտորը նշեց, որ ժամերն է քիչ, բայց ժամերն ո՞վ է գրում։ Ես ժամերի հետևից չեմ ընկել երբեք, ես իմ գործն եմ անում, սիրով եմ դասավանդում, ուզում եմ նոր շունչ տալ կինոմշակույթին։ Ես ամեն արածս գործին լիարժեք նվիրվում եմ։ Հիմա էլ իմ նոր ֆիլմն եմ նկարել Արցախի մասին, որի համար Բակո Սահակյանից ստացա մեդալ, և հաճելի է , որ մարդիկ գնահատում են, շնորհակալ են: Ի՞նչ է պետք արվեստի մարդուն՝ ծափահարություններ։ Հիմա, փաստացի, ժամերով վճարելով՝ անտեսվում է իմ անցած ճանապարհը, վիրավորական չափի աշխատավարձ տալով՝ ստորացնում են արվեստի մարդուն։ Կարծում եմ ես մենակ չեմ այս հարցում»,- ասաց Մովսիսյանը:
Ռեժիսորը նաև հավելեց, որ նա անգամ լսարան է վերանորոգել իր անձնական գումարով, տեխնիկա է գնել, որ ուսանողները լավ զգան իրենց, անձնվիրաբար աշխատել է ԲՈՒՀ-ի համար, և որպես պատասխան այդ աշխատավարձը շատ քիչ էր։ Ռեժիսորը նաև հավելեց, որ կշարունակի անել իր մնայուն գործը իր ոլորտում այս երկրի համար։
Մենք նաև զրուցեցինք ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է իջել պարոն Մովսիսյանի աշխավարձը, ինչո՞ւ են պակասել դասավանդման ժամերը:
«Պարոն Մովսիսյանը վճարվում է այնքան, որքան իր դասավանդման ժամերն են, այս պահին նա ունի 140 ժամ։ Աշխատավարձն անցած տարի ավելի շատ էր, քանի որ նա ավարտական կուրս էր ղեկավարում, որտեղ մասնագիտական առարկաների ժամերը շատ էին, բնականաբար գումարը՝ ևս, հիմա նա առաջին կուրս է վերցրել, որտեղ մասնագիտական առարկաների ժամերը քիչ են։ Մեր ԲՈւՀ - ում վաստակավորի կոչում ստացած դասախոսները շատ են, բոլորը նույն սկզբունքով են վճարվում, ես ինչպե՞ս առանձնացնեմ Հրանտ Մովսիսյանին»,- ասաց ռեկտորը:
Արմինե Բրսոյան