Ծնվել է 1914 թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի, Հայաստան)[2]: Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ.[3] Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։