Մեր քաղաքացիները բարձր զգոնություն ունեն և իրենք են դիմում կորոնավիրուսի թեստավորման համար. Վանյան
24.02.20 | 17:50
Այս պահի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուս չկա, իսկ եթե կորոնավիրուսի դեպքեր ունենանք, ապա այսօր մենք լիարժեք պատրաստ ենք դրան. այս մասին այսօր ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
Վանյանի խոսքով՝ ՀՀ բժշկական կազմակերպությունները, բոլոր մասնագետները առաջին իսկ օրվանից ուսումնասիրում են և ծանոթ են ԱՀԿ-ի կողմից տրված համապատասխան մեթոդական ուղեցույցներին, որոնք թարգմանված և տեղայնացված են: Հայաստանում ուսումնասիրված և գնահատված են բոլոր բժշկական կազմակերպությունների կարողությունները, և ըստ նախարարության ցուցման բոլոր բացերը լրացվում էն:
« Մենք ուսումնասիրել ենք, թե որ բուժհաստատությունը որքանով է համալրված, և Հայստանում կորոնավիրուսի բռնկման դեպքում, մեծաթիվ հիվանդներ լինելու դեպքում ի՞նչ գործողություններ պետք է արվեն: Այնպիսի վիճակ չէ, որ մենք խնդիր ունենք: Եթե դեպքեր ունենանք, այսօր լիարժեք պատրաստ ենք դիմակայել »,- ասաց նա:
Անդրադառնալով հարևան երկրներում, հատկապես Իրանում, համաճարակի բռնկմանը, նրանց հետ սահմանի փակմանը և այլ երկների հետ ուղևորափոխադրումների իրականացմանը՝ Վանյանը նշեց, որ դրսից եկող բոլոր մարդիկ համապատասխան հսկողության տակ են: Այս պահի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի, որ ունեցել են թեթև ախտանշաններ։ Նրանք տեստավորվել են, նրանց արդյունքները բացասական են եղել։
«Այդ 83-ից մեծ մասը սահմանային անցակետերից էին տեղափոխվել թեստավորման, բայց եղել է նաև, որ սահմանն անցնելուց հետո ջերմել են, և անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Մեր բնակիչներն իրենք բարձր զգոնություն ունեն, այսինքն եթե անգամ Հայաստան ժամանելուց մեկ ժամ անց նոր ջերմություն են ունեցել, ապա նրանք իրենք են դիմում թեստավորման համար: Անցակետից հետո նաև 14 օր նրանք հսկողության ներքո են: Ջերմությունից բացի այլ կլինիկական ախտանիշների դեպքում ևս (օրինակ հազ) մարդիկ ուղարկվում են են թեստավորման»,- հավելեց Վանյանը:
Այն դիտարկմանը, որ դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ, Վանյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն զգուշացրել է՝ կտուգանվեն այն տնտեսվարողները, որոնք դիմակների գները անբարեխղճորեն բարձրացնում են: Նա նաև հավելեց, որ դիմակ պետք չէ օգտագործել, ավելի ճիշտ է անձնական հիգենան պահպանել: Հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ժամի 15:00-ի դրությամբ կա 78,811 լաբորատոր հաստատված դեպք, որից 77,042-ը Չինաստանում՝: Վարակվածների մեջ ավելի մեծ թիվ են կազմում տղամարդիկ, դեպքերի մեծամասնությունում վարակվում են մեծահասակները՝ 50-70, 70-80 տարեկանից բարձր անձինք: Հոսպիտալացվում են հիմնականում երեխաները, բայց նրանց մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Արմինե Բրսոյան