Փետրվարի 28-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում են մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցել են Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը և Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը։
Այս առիթով Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թափորով Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքն առաջնորդվել է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, ուր կատարվել է գոհաբանական աղոթք։
Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի միաբանության անունից ողջունելով Սահակ Պատրիարքին, շնորհավորել է նրան ընտրության կապակցությամբ։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Այնուհետև Վեհարանում նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և նրա շքախմբին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջագուրումից հետո Նորին Սրբությունն իր ուրախությունն է հայտնել երկար տարիներ անց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունում նոր գահակալ ունենալու առիթով։
«Մենք այս առիթով մեր սրտի ամենաջերմ և լավագույն բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ: Հայցում ենք, որ Տերն Իր շնորհներն առատորեն հեղի Ձեզ վրա և պարգևի ուժ ու կորով՝ իմաստությամբ ու արդյունավոր կերպով իրականացնելու Ձեր ծանր պարտականությունները:
Գիտենք, որ այս տարիների ընթացքում շատ աշխատանքներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանային պատրիարքական հանգամանքի մեջ եղող անձի կողմից, առկախ են մնացել և կարիք ունեն կարգավորման: Եվ Ձեր Ամենապատվությունը, վստահ ենք, եկեղեցականաց և աշխարհականաց դասի հետ համատեղ ամեն ջանք ի գործ պիտի դնի, որպեսզի այդ խնդիրները կարողանան լուծում ստանալ և Պատրիարքությունը շարունակի իր օգտաշատ ծառայությունը Պոլսում և Թուրքիո տարածքում ապրող հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքի շինության և պայծառության համար», - իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:
Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքն է հայտնել նորընտիր Պատրիարքին երկար տարիներ Մայր Աթոռում նրա նվիրյալ ծառայության համար՝ հորդորելով վերջինիս նույն նախանձախնդրությամբ և անձնուրաց աշխատանքով զորացնել և ծաղկեցնել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռը։
Վեհափառ Հայրապետը քաղցրությամբ վերհիշել է իր հովվապետական այցելությունը Կ․Պոլսի Հայոց Պատրիարքություն՝ արձանագրելով, որ այնտեղ ականատեսն է դարձել պոլսահայության ջերմությանը, սիրուն ու հարգանքին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությանը, նրա արժանընտիր գահակալին, հոգևոր ողջ դասին և հավատացյալ ժողովրդին:
Իր հերթին Սահակ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ փոխանցելով պոլսահայության որդիական ողջույններն ու հարգանքը:
«Դուք միշտ մեր աղոթքների մեջ եք: Մեր հայացքը միշտ ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին և մենք, հիշելով Սուրբ Էջմիածինը և Ձեզ, զորանում ենք, մեր արմատներից ստանում ենք մեր կյանքի ավիշը՝ գոյատևելու Սփյուռքի մեջ: Այս օրը ինձ համար շատ թանկագին է. իմ կյանքի շատ էական հանգրվանները Ձեզ հետ եմ ապրել», - ասել է Նորին Ամենապատվությունը՝ վերհիշելով տարիների իր ծառայությունը Մայր Աթոռում, Վեհափառի հայրական խնամքի ներքո և դրանք նկատելով իր կյանքի ամենաարդյունաբեր ժամանակաշրջանը:
Պատրիարք Հայրն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի եկեղեցաշեն գործունեությանը և Մայր Աթոռի պայծառությանը՝ նշելով, որ երախտապարտ է կատարված աշխատանքների համար: Վերջում Սահակ Պատրիարքը հայցել է Նորին Սրբության աղոթքները՝ հայտնելով Վեհափառ Հայրապետին պոլսահայության հավատարմությունը և իր որդիական հնազանդությունը:
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15