Հնարավոր չէ բոլոր ուղղություններով հաղորդակցությունները փակել. Վարչապետ
02.03.20 | 13:52
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվություն է. կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն հայրենակիցները, որոնք որևէ ախտանշան չունեն, կրկին կոչ եմ անում խստիվ հետևել
առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցներին, պահպանել անձնական հիգիենայի կանոնները։ Իսկ նրանք, ում մոտ որոշակի ախտանշաններ կան, կոչ ենք անում ինքնբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հիմնարկներին և սպասել պատասխաններին։ Պարզ է, որ վերջին օրերին, երևի, ահազանգերի թիվն ավելացել է, բայց, բարեբախտաբար, այդ ահազանգերից ոչ մեկը մինչ այս պահը չի հաստատվել որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք», - հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր արդեն աշխատանքային խումբը կպատրաստի կառավարության որոշումը, որպեսզի վաղվանից արդեն որոշումներն ուժի մեջ մնան:
«Շաբաթվա վերջում կտեսնենք ինչ իրավիճակ է, և ըստ անհրաժեշտության կկայացնենք որոշումներ։ Հարց է հնչելու, թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունները չենք փակում. նախ հնարավոր չէ բոլոր ուղղություններով փակել, որովհետև դա նշանակում է 100 տոկոսով մեկուսանալ, այս պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները և առավել ինտենսիվ աշխատանք կատարում ենք ամենառիսկային ուղղությունների մասով, ինչը չի նշանակում, որ չկա այլ ռիսկային ուղղություններ», - ասաց վարչապետը։
Կխստացվեն միջոցառումները, այդ թվում բեռնափոխադրումների մասով, հայտարարեց վարչապետը։
«ՊԵԿ-ը և էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին, որպեսզի տեսնենք, ըստ ամենայնի, որոշ բեռների համար էլի կարվեն բացառություններ։ Պետք է խնդրենք, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրան տեղափոխվելուց և այնտեղ բեռներ ներկրելուց», - նշեց Փաշինյանը։