Հայաստանում կրթությունը դեպի մեծ կյանք տանող ուղեգրից աստիճանաբար վեր է ածվում դեգրադացիոն մեխանիզմի
30.08.16 | 12:37
Ներողություն, որ սեպտեմբերի 1-ի նախoրեին այսպիսի մռայլ գնահատական եմ տալիս, բայց իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Անկախության տարիներին մեր պետությունը՝ իր բոլոր իշխանություններով հանդերձ, շատ հետևողական էր կրթության ոլորտում վարվող քաղաքականությունում ու ցավոք սրտի, այդ հետևողականությունն արտահայտվում էր ոլորտի աստիճանական, բայց անկասելի դեգրադացմամվ։ Ի՞նչ արատներ ու ռիսկեր ունի մեր համակարգը, բացի ավանդական կոռուպցիայից ու կոմպետենտության պակասից։
2016 թվականի դրությամբ, մենք արդեն վերջնականապես որդեգրել ենք 12-ամյա դպրոցների դեգրադացնող համակարգը, որը ոչ միայն փոխառել է արևմտյան կրթական համակարգից տրվող դպրոցական գիտելիքների ծավալի որակական ու քանակական վտիտությունը, այլև 2 տարվա անիմաստ կորուստը, որը էլ ավելի է սահմանափակում երիտասարդների մրցունակ լինելու հնարավորությունը առանց այն էլ վայրի ջունգլիների կանոններով ապրող մեր աշխատանքային շուկայում։
Ու պետք չէ հեքիաթներ պատմել Արևմուտքի կրթական համակարգի արդյունավետության ու որակի մասին։ Հանրակրթական դպրոցները այնտեղ էապես զիջում էին նույնիսկ 90-ականների հայկական դպրոցին, էլ չխոսենք խորհրդային դպրոցական համակարգի մասին։ Այո՛, այնտեղ հրաշալի դպրոցներ էլ կան, որոնք մրցունակ են կրթության որակով նույնիսկ նույն խորհրդային դպրոցների հետ, բայց արի ու տես, որ դրանք մասնավոր դպրոցներ են, որոնցում երեխաների ուսումնառությունը կազմակերպելու հնարվորություն ունի միայն ապահով խավը (ինչը դեռ մանկուց ավելի մրցունակ ու լավ դիրքեր է տալիս վերնախավի հերթական սերնդին՝ աղքատների ու միջին խավի նոր սերնդի նկատմամբ)։
ԲՈւՀ-ական համակարգի մասին ընդհանրապես լռեմ, որովհետև այն վաղուց է վերածվել ինչ-որ ռուդիմենտար համակարգի, որի 10 շրջանավարտներից 9-ը այնտեղից դուրս է գալիս ոչ թե մասնագետ, այլ լավագույն դեպքում՝ դիպլոմավոր, իսկ վատագույն դեպքում՝ երիտկուսակցական դիպլոմավոր։
Արդյունքում ունենք հետևյալ պատկերը․ հատկապես տղաների համար խիստ դժվար է մասնագիտորեն կայանալ մեր աշխատանքային շուկայում՝ հենվելով մեր կրթական համակարգի վրա, որովհետև այսուհետ նրանք 2 տարի ավել ժամանակ են ծախսում դպրոցի վրա, 2 տարի՝ բանակի վրա և ևս 2 տարի՝ ոչ մի իմաստ չունեցող մագիստրոսական աստիճան ստանալու համար, որը սակայն պարտադիր նախապայման է շատ ու շատ ոլորտներում նորմալ աշխատանք ունենալու համար։ Ու ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ հավելյալ 3-4 տարին, որ մեր երեխաներն ու երիտասարդները ստիպված են ծախսել կրթական համակարգում, բնավ ավելի շատ ու ավելի որակյալ գիտելիքներ չեն տալիս նրանց։ Համեմատեք նոր սերնդի բազմիմացության ու մասնագիտական միջին մակարդակը իրենց ծնողների սերնդի հետ․․․ Պարզ է, չէ՞․․․