Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Եղիազարյանն այսօր հարց ուղղեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ գուցե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեզ սկզբից սխալ ցուցումներ է տվել, դրա համար էլ նախարարը սկզբից ասում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, հիմա ասում է այլ բան: Պատգամավորը հարցը հնչեցնելուց առաջ հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՀԿ-ին վիրուսի վերաբերյալ սխալ տեղեկատվություն տրամադրելու համար:
Հարցին ի պատասխան՝ նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ մեր երկիրը, լինելով ՄԱԿ-ի բոլոր կազմակերպությունների անդամ, ակտիվ համագործակցում է ԱՀԿ-ի հետ, մշտապես ստանում տեղեկատվություն, և ԱՀԿ-ն չի դիտարկում՝ որպես ընդամենը խորհրդատվական կառույց:
«Սակայն մենք ունենք նաև այլընտրանքային աղբյուրներ այդ տեղեկատվությունները վերլուծելու համար, դրանք են, օրինակ, մեր դեսպանատները: Կարծում եմ, որ մենք կարողացել ենք պատշաճ գնահատել իրավիճակը՝ կորոնավիրուսով պայմանավորված»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ բավական արդյունավետ գնահատելով ԱՀԿ-ի հետ աշխատանքները: