Ադրբեջանի ՆԳ նախարարը Թուրքիային խոստացել է պայքարել գյուլենականների դեմ
01.09.16 | 11:28
Թուրքիա մեկնած Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովն օգոստոսի 31-ին հանդիպել է իր թուրք գործընկեր Էֆքան Ալայի հետ։ Նշենք, որ վերջինս երեկ երեկոյան հրաժարական է տվել։
Ադրբեջանական contact.az կայքի փոխանցմամբ` երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի թեման:
Էֆքան Ալան մամուլի ասուլիսի ավարտին հայտարարել է, որ երկու երկրները համատեղ ուժերով պայքարելու են գյուլենականներին (հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները) բացահայտելու և նրանց վնասազերծելու համար:
«Գյուլենի խմբավորման դեմ քայլերն Ադրբեջանում շարունակվելու են: Դա հանցագործություն էր նաև Ադրբեջանի դեմ: Խնդրից ազատվելու համար կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցներն ամենաբարձր մակարդակով», - խոստացել է Ուսուբովը:
Նշենք, որ նախկին գյուլենականներից ավելի վաղ «Սաբահ» թերթին հարցազրույց է տվել Վրաստանում գյուլենական համայնքի դպրոցների նախկին ղեկավար և պատասխանատու Հայաթի Քյուչյուքը: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանում գտնվող իրենց ներկայացուցիչն անձամբ է զանգահարել Գյուլենին ԱՄՆ և բողոքել, որ Ալիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրանց աշխատանքը: Դրան ի պատասխան Գյուլենը բացականչել է. «Թող այնպես չանեն, որ ես իրենց նետեմ Կասպից ծովը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: