Այնպես չէ, որ Օլիմպիական մեդալ ենք վերցրել եւ 2 տարի պետք է հանգստանանք. Գոռ Մինասյան
02.09.16 | 23:52
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել են լրագրողների հետ:
«Տպավորությունները շատ լավ են, վառ: Շատ երկար էինք պատրաստվել այս մրցումներին: Ինձ թվում է, արդարացրինք բոլորի հույսերն ու սպասելիքները: Շատ ուրախ ենք, որ մեր երկրի համար դրոշ ենք բարձրացրել, ամբողջ աշխարհը տեսավ, թե մեր երկրի նման փոքր պետությունն ինչ կարող է անել: Մենք սենսացիա ենք գրանցել՝ 1 ոսկե, 3 արծաթե մեդալներով:
Արդեն վերսկսել ենք մարզումները: Այնպես չէ, որ Օլիմպիական մեդալ ենք վերցրել եւ 2 տարի պետք է հանգստանանք: Տոկիո-2020-ում մեզանից ժողովուրդն ավելի մեծ սպասելիքներ է ունենալու: Պետք է արդարացնենք: Առաջիկա չորս տարվա ընթացքում ամուսնություն չի սպասվում: Այնպես որ, կենտրոնանալու ենք մեր մարզումների ու մյուս Օլիմպիական խաղերի վրա:
Ես բնակարան եմ նվեր ստացել, բայց դա նվեր չեմ համարում, դա իմ Օլիմպիական խաղերում ցույց տված արդյունքի պարգեւն է: Ես այդ բնակարանը ոչ որպես բարեգործություն եմ ընդունում, ոչ որպես նվեր: Սա նվեր չէ, եւ ոչ էլ բարեգործություն: Ես այն ստացել եմ իմ արդյունքի համար: Ես քիչ չեմ արել իմ երկրի համար: Սա իմ արդյունքին համապատասխան պարգեւ է, որի համար շնորհակալ եմ»,- ասաց Գոռ Մինասյանը: