Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինքը հիմնել եւ գլխավորում է ընդդիմադիր Բարեփոխման կուսակցությունը:
Յըլմազը, որը հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահի նախկին տեղակալն էր, 2018 թվականի նոյեմբերին այդ կուսակցությունից բացառվել է թուրքերեն լեզվով ազանի (մուսուլմանների աղոթքի կոչ) ընթերցանությանը վերադառնալու կոչի համար:
«Թուրքիային արդեն վաղուց է բարեփոխում հարկավոր, եւ այն պետք է բերի նոր կուսակցությունը: Թուրքիայի կառավարությունը (կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցություն) 18 տարի ժողովրդավարությունը հանգեցրել է ոչնչի, թուլացրել է խորհրդարանը, ստեղծել է մեկ մարդու կառավարման համակարգ եւ վերացրել հանրային համաձայնությունը»,-ասել է Յըլմազը:
Նա ասել է, որ Թուրքիայում ընդդիմությունը երկրի նախագահ Թայիփ Էրդողանին քննադատում է միայն խոսքերով:
Նա նշել է, որ նոր կուսակցության հիմնական նպատակներից մեկն ազատությունն է:
«Թուրքիայի ժողովուրդն այսօր զրկվել է ազատությունից: Մենք ցանկանում ենք առավելագուն չափով ընդլայնել դրա աստիճանը: Երկրորդ՝ սեփական արտադրությունը բոլոր բնագավառներում՝ էներգետիկայի, դեղագործության, մեքենաշինության, գյուղատնտեսության, անասնապահության… Թուրքիայում չկա արդարություն»,-նշել է նոր կուսակցության ղեկավարը:
Նա հավելել է, որ արտաքին քաղաքականության բնագավառում իրենք ցանկանում են բարեկամական հարաբերություններ հաստատել, առճակատման քաղաքականության չվարել հարեւան երկրների հետ եւ համաշխարհային ասպարեզում: