Երուսաղեմում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար: Այդ մասին հաղորդել է Իսրայելի ոստիկանությունը: Ինչպես հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը, ձերբակալվածները կասկածվում են «հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու մեջ»: Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուլիսի 21-ի երեկոյան բողոքի ակցիային մասնակցում էր մի քանի հազար մարդ:
Նրանց մի մասը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրաժարականը: Բողոքի մասնակիցների մյուս մասը հանդես է եկել կորոնավիրուսի պատճառով վերջերս ռեստորանների աշխատանքը սահմանափակելու կառավարության մտադրությունների դեմ: Լույս հուլիսի 17-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի գծով սահմանափակիչ միջոցառումների նոր ուղղումները, մասնավորապես, հուլիսի 17-ի երեկոյից սկսած, երկրում պետք է փակեին մարզասրահները, լողավազանները եւ պարի ստուդիաները: Ռեստորանները կկարողանան միայն առաքմամբ աշխատել հուլիսի 21-ից:
Հուլիսի 24-ից արգելվելու է լողափերում գտնվելը: Դրա հետ մեկտեղ հուլիսի 20-ին կորոնավիրուսի հարցերով Կնեսետի հանձնաժողովը որոշում է ընդունել, որ լողափերը եւ լողավազանները կբացվեն հանգստյան օրերին: Հուլիսի 21-ին հանձնաժողովը չեղարկել է ռեստորանների փակման մասին կառավարության որոշումը. դրանք աշխատանքը կշարունակեն՝ հաշվի առնելով սահմանափակումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: