Մինչ երկիր մոլորակը պայքարում է համավարակի դեմ, երաժիշտներն ու արվեստի մյուս ոլորտի ներկայացուցիչները ժամանակավորապես զրկված են համերգներ և տարատեսակ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից: Տաղանդավոր երաժիշտ, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը Magnis.News-ին պատմել է, թե այս ընթացքում ինչո՞վ է զբաղվել և ի՞նչ նոր ծրագրեր կան նախատեսված:
«Այս ընթացքում ես գտնվել եմ Հայաստանում և ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ գտել: Մի քանի նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր և բարեգործական ծրագիր, որի համար մեր տանը պատրաստել ենք հարթակ: Տարբեր երգիչներ և երաժիշտներ համերգներ կանցկացնեն՝ որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում որակի հետ կապված նախապես համերգը կնկարահանենք, կտեղադրենք, և դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար, օրինակ՝ 500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել. բանակի, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել և մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք համավարակով պայմանավորված զրկվել են աշխատանքից և ունեն ֆինանսական խնդիրներ: Կարելի է ասել՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձև ենք գտել, քանի որ համավարակով պայմանավորված գուցե դեռ երկար ժամանակ համերգներ չիրականացվեն»,-ասաց Ջիվան Գասպարյանը:
Համերգային ծրագիրը լինելու է բազմաբովանդակ, կներառվեն տարբեր ոճի կատարողներ, խմբեր և երաժիշտներ: Բացի այս ծրագրից, երաժիշտն այս ընթացքում կրկին օնլայն տարբերակով տարբեր երկրների երաժիշտների հետ է համագործակցել, ներկայացրել է նոր աշխատաքներ: Նա ընգրկված է համաշխարհային երաժշտական օնլայն Beyond Music Project-ի մեջ, որում տարբեր ազգի մասնակցիներ ծանոթանում են իրար հետ և ներկայացնում թարմ ու նոր գործեր: Այս պրոեկտի շրջանակներում վերջերս կատարվել է նաև հայկական «Ով սիրուն, սիրուն» երգը.
«Հայաստանից ես եմ մասնակցում, մի 3 կամ 4 երկրի երաժիշտներ միանում ենք և ստեղծում նոր աշխատանքներ, արդեն մոտ տաս աշխատանք կա արված: Բացի այս, քանի որ հիմա մարդիկ շատ չեն գնում և օգտագործում ձայնասկավառակներ, մի հետաքրքիր միտք ունեցա ստեղծել ծիրանի փայտից պատրաստված դուդուկի նման փոքր USB ֆլեշ կրիչներ, որոնք համ հուշանվեր կարող են հանդիսանալ, համ էլ այնտեղ զետեղված են իմ աշխատանքները, և մարդիկ կարող են ծանոթանալ մեր հայկական երաժշտության հետ»,- հավելեց Ջիվան Գասպարյան կրտսերը: