ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է
07.09.16 | 18:23
2016 թ. սեպտեմբերի 6-ին լրատվամիջոցներում «ՀՔԱՎ: Ոստիկանները սպանվածի՝ իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենայով խախտում են կատարել. տեսանկարահանող սարքերն արձանագրել են» վերտառությամբ հոդված է հրապարակվել այն մասին, որ 2016թ. մայիսին դաժանաբար սպանված Հ. Ֆալանջյանի մայրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ որդուն պատկանող ավտոմեքենան, որը ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից: Ավելին՝ որդու մահից 3 ամիս անց այդ ավտոմեքենայով խախտում է կատարվել, ինչի մասին փաստում են ինչպես փոստային առաքմամբ ուղարկված նամակը՝ վարչական խախտման վերաբերյալ, այնպես էլ ոստիկանության՝ www.police.am կայքէջում տեղադրվածտեսագրությունը, որն արվել էտեսանկարահանող սարքերիմիջոցով:
Ոստիկանության պետի կողմից նույն օրը նշանակվել էծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է, որ ՀրաչյաՖալանջյանին պատկանող «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածքում:
Հիշյալ իրավախախտման տեսագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի իդենտիֆիկացիոն ծրագրի վրիպում, ինչի հետևանքով մեկ այլ «Mercedes-Benz» մակնիշի 34 TU 091 հաշվառման համարանիշի փոխարեն թյուրիմացաբար ֆիքսվել է 34 TD 091 հաշվառման համարանիշը և 2016 թ. օգոստոսի 18-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում:
Ճանապարհային ոստիկանության պետի կողմից հիշյալ որոշումը 2016 թ. սեպտեմբերի 7-ին բեկանվել է: