Իշխանության ահագնացող խուճապը
11.09.20 | 17:35
Իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա․ ԲՀԿ առաջնորդը մի քանի օր առաջ նման հայտարարություն արեց Ապարանում՝ կուսակցության անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Ծառուկյանի պնդումը միանգամայն ռացիոնալ է, որովհետև քաղաքակիրթ բոլոր երկրներում ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրային տրամադրությունների տրանսլյատոր են։ Այլ խոսքով՝ եթե իշխանությունն իրականացնի արդյունավետ կառավարում, իրականություն դարձնի իր խոստումները, հասարակությունը զանգվածային դժգոհություններ չի ունենա ու հետևաբար՝ քաղաքական որևէ ուժ չի կարող զանգվածային ակցիաներ, հանրահավաքներ անել, եթե նույնիսկ մեծ ցանկություն ունենա։
Այսօր, երբ իշխանությունը թիրախավորել է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ն՝ ռեպրեսիվ մեքենան զուգակցելով մանիպուլյատիվ հակաքարոզչության հետ, ակամայից խոստովանում է, որ գիտակցում է հանրային դժգոհության մեծ ալիքի գոյությունը։
Սակայն գործող իշխանությունն, ինչպես միշտ, խնդիր ունի ադեկվատ արձագանքի հետ։ Իշխանության խնդիրը ոչ թե Ծառուկյանն է, այլ՝ օրվա հացի կարոտ մարդիկ, որոնք զրկվել են աշխատանքից կամ անշեղորեն նվազող եկամուտներով չեն կարողանում ապահովել իրենց երեխաների անհոգ մանկությունն ու ուսումը։ Կառավարության խնդիրը ոչ ԲՀԿ-ն է, այլ՝ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ անող հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները, «նոր» Հայաստանից փախչող ու ՌԴ մեկնել ցանկացող հայերը, վարկային արձակուրդին անիմաստ սպասող ու վարկային բեռի տակ կքված հազարավոր քաղաքացիներ։
«Ջայլամի սինդրոմով» տառապող մեր իշխանությանը թվում է, որ եթե լռեցվի Ծառուկյանի ու ԲՀԿ-ի խոսքը, տասնյակ հազարավոր մարդկանց պրոբլեմները կվերանան։ Երևի դա է Նիկոլ Փաշինյանի ակնարկած «կախարդական փայտիկը»։
Իրական կյանքը, սակայն, հեքիաթներից էապես տարբերվում է ու ադեկվատությունից հեռացող իշխանությունը կանգնելու է լուրջ մարտահրավերների առաջ, եթե նույնիսկ վարչապետը կառավարության նիստում ինքն իրեն ու ժողովրդին անօգուտ փորձում է համոզել, թե երկրում սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ գոյություն չունի։ Իշխանության ահագնացող խուճապը քողարկել այլևս հնարավոր չէ։
Իշխանության ահագնացող խուճապը Իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա․ ԲՀԿ առաջնորդը մի քանի օր...
Опубликовано Hrachya Rostomyan Пятница, 11 сентября 2020 г.