Մահացած 30-ամյա ծննդկանի հարազատները պահանջում են իրավապահների ներկայություն
18.09.20 | 13:57
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան Սեդա Ասատրյանն է մահացել, ում հարազատներն այս պահին գտնվում են հիվանդանոցում: Magnis.News-ի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենք թույլ չեն տա, որ կնոջ դիակը շտապօգնության մեքենայով տանեն հիվանդանոցից, քանի դեռ իրավապահները հիվանդանոց չեն գնացել, դիակի հետ քննչական գործողութուն չի կատարվել:
«Իրավապահների գալուց և համապատասխան գործողություններ կատարելուց հետո միայն թող տեղափոխեն դին: Ինչպես մենք հասկանում ենք, փորձ է արվում դիակն արագ հեռացնել հիվանդանոցից, որ բժշկի մեղքի հետքերը թաքցվեն»,-նշում է Սեդայի քավորկինը՝ Արփինեն։
Մահացած ծննդկանի հարազատները վստահ են, որ կնոջ մահվան մեղավորները ԲԿ-ի բժիշկներն են եղել:
«Սեդայի առաջին հղիությունն էր, բարդություններ հղիության ընթացքում չեն եղել, բայց Սեդան ալերգիա ուներ անտիբիոտիկներից, ինչի մասին գրված է եղել ծննդկանի անկետայում: Սեդային սրսկել են դեղամիջոց, որը նրան հակացուցված էր, սրսկելուց հետո Սեդան ընկել է կոմայի մեջ, այնուհետ՝ մահացել: Դեպքը եղել է գիշերը, մեզ մահվան լուրը հայտնել են առավոտյան: Նրանք մի քանի ժամ թաքցրել են իրականությունը: Մենք անմիջապես զանգահարել ենք ոստիկանություն»,-ասաց Արփինեն։
Նշենք, որ Սեդա Ասատրյանը լույս աշխարհ է բերել աղջիկ երեխայի:
Շենգավիթ ԲԿ-ի մամուլի խոսնակ Անուշ Բադալյանը մեզ հայտնեց, որ ԲԿ-ն ցավակցում է ծննդկանի հարազատներին, և քիչ անց դեպքի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը կհարապակվի:
Արմինե Բրսոյան