«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մսամթերքի արտադրությունն ավելացել է 1.4 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի 10 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները, թեկուզ չնչին, բայց ավելացել են. պաշտոնական տվյալներով՝ աճը կազմել է 0.2 տոկոս:
Իսկ, ահա, խոզի մսի դեպքում հակառակ պատկերն է. անցյալ տարվա հունվար-հոկտեմբերին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 11.1 տոկոսով: Տեղեկացնենք, որ խոզի մսի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի եւ ռազմական դրության պատճառով հանրային սննդի օբյեկտների չաշխատելու հետ։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ ոչխարի մսի արտադրության ծավալներն են ավելացել 11.9 տոկոսով։ Ավելացել են նաեւ թռչնամսի արտադրության ծավալները 6.8 տոկոսով:
Միաժամանակ նշենք, որ աճ արձանագրվել է նաեւ երշիկեղենի արտադրության ոլորտում 0.5 տոկոսի չափով: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանում ավելացել է գլխաքանակը. եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256»: