Հոգեբուժարանում հայտնված կանանց ճակատագրեր, որոնք ունեն սիրո պակաս. Մարտի 20-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում «Չսեր» հոգեբանական դրամայի առաջնախաղն էր: Ներկայացումը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի հիման վրա է, բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը կատարել է Մարինե Մարինոսյանը:
Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, ով Magnis.News-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ այս ստեղծագործությունն իրեն հուզել և գրավել է դաժանությամբ, քանի որ այսօրվա իրականության մեջ դաժանությունն ու «Չսերը» շատ տարածված են:
«Ներկայացման մեջ կան շատ կանանց պատմություններ, և ամեն մեկն ունի իր հիվանդությունը, նրանք բոլորը գտնվում են հոգեբուժարանում: Ես լուծումը տվել եմ այնպես, որ բոլոր հիվանդությունները սիրո պակասից են ծնվում: Երբ հոգեբուժարանում հայտնվում է «սեր աղջիկը»՝ Մարիան, սկսում է սերը տարածել, և այն հույսից, որ հոգեբուժարանից դուրս իրենց սպասում են, այդ աղջիկները սկսում են առողջանալ: Այս պատմությունը կարող էր յուրաքանչյուրիս հետ պատահել, որովհետև, եթե մեզնից մեկը մի օր պատահաբար հայտնվի հոգեբուժարանում, ապա մի դիագնոզ կտան, վստահ եմ: Ներկայացման մեջ միստիկ ռեալիզմ կա, իսկ Մարկեսը երբեք չի խղճում իր կերպարներին, և այս դեպքում էլ ինչ-որ հույսի նշույլ չկա, բայց սպասում կա, որ հետո լավ կլինի»,- նշեց բեմադրիչը:
«Չսերը» պատմություն է կոտրված հույսերի, զուր պատրանքների ու ցանկությունների, մարդկային բեկված ճակատագրերի ու սիրո պակասի մասին: Երբ սարսափելի իրականության մեջ ինչ-որ մի նոր սիրո հույս է հայտնվում, ապա այն սպանում են դաժանությամբ ու ատելությամբ: Ներկայացման մեջ ներգրավված են Լիլյա Մուկուչյանը, Արմեն Արնաուտովը, ՀՀ վաստ․ արտիստ Աննա Բալանդինան, Գոռ Համբարձումյանը, Մանվել Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Ելենա Վարդանյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մարիամ Մանոն, Հայարփի Զուռնաչյանը, Թեհմինե Խաչատրյանը, Յուլյա Ժդանովան, Մելսիդա Հակոբյանը, Գրիգոր Խոջոյանը։
Ներկայացման բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի: Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: