«Պահանջում եմ ճանաչում և դատապարտում» . համաժողով` Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ
23.04.21 | 14:08
Փաստաբանների, պատմաբանների, քաղաքագետների, ոլորտի այլ ներկայացուցիչների, այդ թվում նաև սփյուռքում բնակվող հայ համայնքների ներկայացուցիչների /ուղիղ տեսակապի միջոցով/ մասնակցությամբ ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ կանցկացնի միջազգային համաժողով «Պահանջում եմ ճանաչում և դատապարտում» խորագրով: Նախաձեռնությունը «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպությանն է: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խորհրդի նախագահ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, միջոցառման համակարգող Արմինե Ավագյանը և փաստաբան Վլադիմիր Զաքարյանը մանրամասներ ներկայացրին համաժողովից:
«Հատկապես ներկայիս իրավիճակում պետք է լուսաբանվի, թե ինչ բան է թուրքը հայ իրականության մեջ: Այսօր տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության պահանջատիրական իրավունքից հետնահանջային տրամադրություններ կան, որը ցավալի է շատ: Մարդկանց այլ հարցեր են հետաքրքրում՝ մոռանալով, որ պատմության դասերը պետք է լավ սովորել: Համաժողովի ընթացքում կներկայացվի Օսմանյան կայսրությունում հայերի ունեզրկումը, որպեսզի հասարակությանը հասանելի դառնա, որ թուրքը ոչ միայն զենքով է կոտորում հային, այլ նաև՝ տնտեսապես: Թիրախավորել ենք հատկապես երիտասարդությանը, որպեսզի նրանց համար պարզ դառնա, որ ցեղասպանությունը եղել է և թուրքը մեր թշնամին է: Գիտենք, թե ինչքան հայ է դրսում ապրում, և այնտեղ նրանք շատ բաներ չեն սվորում Հայոց ցեղասպանության մասին՝ կապված այդ երկրի վարած քաղաքականության հետ, որին միջամտել չենք կարող, բայց այս համաժողովին արձագանքել են տարբեր քաղաքներից և իրենք էլ տարբեր իրազեկման և հիշատակի միջոցառումներ են կազմակերպելու: Մենք փորձելու ենք շարունակական դարձնել նմանատիպ միջոցառումները »,- նշեց Գուրգեն Գրիգորյանը:
Կոնֆերանսի բանախոսները կներկայացնեն ինչպես պատմահամեմատական, այնպես էլ իրավական վերլուծություններ՝ այդ թվում նաև համաժողովի ընթացքում բարձրացված խնդրահարույց թեմաների շուրջ։ Համաժողովի ընթացքում քննարկվելիք հիմանական թեմաներն են. «Օսմանյան կայսրությունում հայերի սոցիալ-տնտեսական վիճակը, ունեզրկումը Հայոց ցեղասպանության տարիներին», «Հայոց ցեղասպանության իրավական կարգավորման գործընթացները», «Սփյուռքի հայ համայնքների ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում»։
Համաժողովը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնի /Կապույտ սրահում/:
Մուտքն ազատ է: