Հայկական մշակույթի կրողն ու տարածողը. անցկացվեց Լուսիկ Ագուլեցու 75-ամյակին նվիրված հուշ-երեկո
31.05.21 | 23:41
Կին, ով հայկական մշակույթի կրողն ու տարածողն էր, յուրօրինակ արվեստագետ և նվիրված հայուհի, ում բոլորն ասում էին «տարազով կինը». այսօր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու ծննդյան օրն է։
«Ագուլեցի» տուն-թանգարանի,
«Հայուհիների համահայկական միություն» ՀԿ նախագահ Շ. Մելքոնյանի և Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի նախաձեռնությամբ անցկացվեց Լուսիկ Ագուլեցու 75-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Ներկաները արվեստագետի մասին իրենց հուշերն ու պատմությունները փոխանցեցին, ևս մեկ անգամ ծանոթացան թանգարանում առկա նմուշներին, ինչպես նաև առաջին անգամ ցուցադրվեցին Ագուլեցու դիմանկարները։
Նրա արվեստանոցում դեռ կան ներկեր, որոնցով ժամանակին նա աշխատում էր, և Լուսիկ Ագուլեցու հարսը՝ Գայանե Սամվելյանը թանգարանի կողմից այդ ներկերից նվիրեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողներին, որոնք ամիսների ընթացքում իրենց նկարները կստեղծեն ու կցուցադրեն թանգարանում:
Ագուլեցին մի առիթով ասել է.
«Իմ խորին համոզմամբ՝ գեղանկարչությունը գիտություն և փիլիսոփայություն է, չնայած ոմանց կարծիքով, կարծես թե, աշխարհի գունային ընկալման մի ձև է միայն։ Ինձ համար ամեն ինչ այլ է։ Ամեն նոր նկար սկսելիս նոր աշխարհ եմ հայտնագործում և հոգով հարստանում, որովհետև ի վերուստ դա ի՛մն է, դա ե՛ս եմ»:
Ազգային արժեքների, ավանդույթների, նիստուկացի և մշակույթի պահպանման ձգտումով նա տարիների ընթացքում հավաքել է եզակի նմուշներ, որոնք այսօր արդեն ցուցադրվում են Ագուլեցու տուն-թանգարանում. կից կա նաև «Ագուլեցի արտ-սրճարան», որտեղ անցկացվում են ժողովրդական համերգներ, նկարչության և այլ վարպետության դասեր:
Արմինե Բրսոյան