ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է, որ մտադիր է դաշնակիցների հետ աշխատել «ավելի արդարացի եւ ներառական» համաշխարհային տնտեսություն կառուցելու վրա։
«Եկավ G7-ի գագաթնաժողովի առաջին պաշտոնական օրը այստեղ՝ Միացյալ Թագավորությունում: Ես անհամբերությամբ եմ սպասում մեր դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատել ավելի արդարացի ու ներառական գլոբալ տնտեսություն կառուցելու վրա: Եկեք ձեռնամուխ լինենք աշխատանքին»,-Twitter-ի իր օգտահաշվում գրել է Միացյալ Նահպանգների նախագահը, որն այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում:
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, որը հունիսի 11-13-ը կանցկացվի Անգլիայի Քոռնուոլում, կդառնա G7-ի ղեկավարների առաջին անմիջակա հանդիպումը COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր: Գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելուց հետո սպասվում է համատեղ կոմյունիկե:
Գագաթնաժողովի հրապարակված օրակարգի համաձայն, հունիսի 11-ին առաջնորդները կքննարկեն տնտեսության վերականգնումը համավարակից հետո, հունիսի 12-ին՝ աշխարհաքաղաքական մարտահրավերները, առեւտուրը եւ զարգացումը: Հունիսի 13-ին ղեկավարները, ինչպես ենթադրվում է, կքննարկեն Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված հարցեր:
Հանդիպումը կազմակերպում է բրիտանական կողմը, քանի որ նա այս տարի նախագահում է «յոթի խմբում»: Նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2019 թվականին Ֆրանսիայի Բիարիցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: